copy image url
Մշակույթ 3 տարի առաջ - 19:55 01-04-2023

Ով և ինչու գողացավ «Մոնա Լիզան»

Աշխարհի ամենանշանավոր կտավներից մեկը՝ Մոնա Լիզան, համարվում է Վերածննդի ժամանակաշրջանի արվեստի գլուխգործոցներից մեկը:

16-րդ դարի սկզբին Լեոնարդո դա Վինչիի կողմից նկարված կտավում առեղծվածային ժպիտով մի կին է, որ տարիներ շարունակ դարձել է բազմաթիվ հետաքրքրությունների և ենթադրությունների առարկա: Այնուամենայնիվ, նկարի այսչափ մեծ համբավն ունեցավ նաև իր բացասական ազդեցությունը՝ նկարը դիտարկվեց որպես գողության թիրախ։ Մոնա Լիզայի գողությունն աննախադեպ էր արվեստի պատմության մեջ։ 1911-ի օգոստոսի 21-ին Մոնա Լիզան անհետացավ Փարիզի Լուվրի թանգարանից:

Նկարը գողացել էին Salon Carré-ից՝ Լուվրի այն սրահից, որտեղ պահվում էին թանգարանի ամենահայտնի կտավները: Ոստիկանությունը խուզարկեց ամբողջ թանգարանը, բայց նկարը չկար։

Սկսվեց հետաքննություն, որի գլուխ էր կանգնել հայտնի ֆրանսիացի հետախույզ Ալֆոնս Բերտիլյոնը։ Չնայած գողության մասին տեղեկություններ հաղորդելու համար առաջարկվող հսկայական պարգևին՝ նկարը հայտնաբերվեց միայն երկու տարի անց:

Մի պահ ոստիկանությունը նույնիսկ ձերբակալեց գրող Գիյոմ Ապոլիներին և նրա ընկեր Պաբլո Պիկասոյին՝ կասկածելով, որ իրենք են կազմակերպել գողությունը: Հետագայում պարզվեց, որ գողը՝ Լուվրի նախկին աշխատակից Վինչենցո Պերուջան է։ Վինչենցո Պերուջան իտալացի մանր հանցագործ էր, որ 1908-ին տեղափոխվել էր Փարիզ և աշխատանքի անցել Լուվրում որպես վարպետ՝ նկարների վրա պաշտպանիչ ապակե պատյաններ տեղադրելով:



Այս աշխատանքը նրան հնարավորություն էր տվել աշխատել աշխարհահռչակ նկարների հետ և հասկանալ, թե ինչպես են արվեստի գործերը պաշտպանվում իր նման հանցագործներից: Այսպես Պերուջան կազմակերպեց արվեստի գլուխգործոցի գողությունը, բայց նա մենակ չէր: Երկու եղբայրներ՝ Վինչենցո և Միքել Լանչելոտիները, օգնեցին Վինչեցոյին գողության հարցում: Նրանք միասին թաքնվել էին անվտանգության պահարանում՝ սպասելով պատկերասրահի փակմանը։ Մութն ընկնելուց հետո արագ գործի էին անցել՝ նկարը խնամքով հանելով շրջանակից, թաքցրել էին մոտակա ավելների պահարանում։ Երբ պատկերասրահը բացվել էր, շենքից անտեսանելի դուրս էին հանել կտավը։

Զարմանալի էր, որ սկզբում ոչ ոք չէր նկատել Մոնա Լիզայի բացակայությունը, մինչև մի այցելուն, տեսնելով դատարկ պատը, դիմել էր անվտանգությանը։ Քանի որ գողությունը մեծ աղմուկ էր բարձրացրել Պերուջան մոտ երկու տարի ուղղակի թաքցրել էր նկարը, ապա որոշել էր վաճառել Ֆլորենցիայում արվեստի դիլերին՝ Ալֆրեդ Գերիին:

Հասկանալի է, որ Գերին անմիջապես կասկածել էր, ուստի խնդրել էր իտալական արվեստի պատկերասրահի ղեկավարին Պերուջայի հետ հանդիպման գնալիս միանալ իրեն: Համոզվելով նկարի իսկության մեջ՝ իտալացի արվեստաբանները ձևացրել են, թե համաձայն են գնել կտավը, բայց գաղտնի զանգահարել են ոստիկանություն։ Այսպես նկարը վերադարձվեց Լուվր, որտեղ և գտնվում է մինչ օրս։

Պերուջան ձերբակալվեց: Նա սկզբում պնդում էր, թե նկարը գողացել է իր օրինական տուն՝ Իտալիա վերադարձնելու նպատակով, բայց հետո խոստովանեց, որ պարզապես ցանկացել է վաճառել։

Մոնա Լիզայի գողությունը արվեստի պատմության մեջ ամենահայտնի գողություններից մեկն է։ Այս փաստը դարձել է բազմաթիվ գրքերի, ֆիլմերի և վավերագրական ֆիլմերի սցենար: Այս դեպքից հետո Մոնա Լիզան ամբողջ աշխարհով մեկ ավելի հայտնի դարձավ։

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ