copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:38 03-02-2023

Հատիսի վրա կառուցապատման ծրագիրը կանգ է առել․ «Հետքը» լեռան սեփականատերերի նոր շրջանակ է պարզել

«Հետք»-ը տեղեկություններ է ստացել, որ Ծառուկյանն արձանի կառուցման ծրագիրն անորոշ ժամանակով դադարեցրել է։

Հատիսի գագաթին արձանի կառուցման ծրագրի դադարեցման մասին տեղեկությունը ստուգվել է պետական և համայնքային մարմիններից։
Ակունք խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը հայտնեց, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Հատիս լեռան վրա միայն ջրագիծ կառուցելու նախագծման թույլտվության համար է դիմել, որը ստացել է 2022 թ.-ի հուլիսին։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի խոսքով՝ նախարարությունում և նախարարության ենթակա կառույցներում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Հատիս լեռան վրա կառուցապատում իրականացնելու վերաբերյալ դիմում չի ներկայացրել, հետեւաբար նախարարությունը եզրակացություն, համաձայնեցում կամ թույլատրող փաստաթուղթ չի տրամադրել։

Հատիսի գագաթին Հիսուսի արձանի կառուցման հիմնարկեքի արարողությունից հետո Գագիկ Ծառուկյանն իր երկու հարցազրույցներում փորձել է շրջանցել Հատիս լեռան վրա կառուցապատման հարցը։ Առաջին հարցազրույցում ( 2022 թ․-ի նոյեմբեր), որը բաղկացած էր երկու հարցից, Ծառուկյանը պատասխանում է իրեն քննադատող ակտիվիստներին՝ չպնդելով, որ Հիսուսի արձանը կառուցվելու է հենց Հատիս լեռան վրա։ Իսկ արդեն երկրորդ հարցազրույցում (2022 թ.-ի դեկտեմբեր), որն անհամեմատ ծավալուն էր՝ ոչ մի խոսք Հիսուսի արձանի կառուցման մասին։ Գործարարը միայն մի անորոշ հայտարարություն է անում առհասարակ կառուցելու, ինչ-որ բան ստեղծելու գաղափարի մասին։ Հատիսի նորահայտ սեփականատերերը
Չնայած նրան, որ Հատիսի վրա կառուցապատման ծրագիրը կանգ է առել, «Հետքը» լեռան սեփականատերերի նոր շրջանակ է պարզել։ 2022 թ.-ի ամռանը Հատիսի վրա հողակտորներ են ձեռք բերել Ակունք համայնքի ՔՊ-ական ղեկավար Հունան Ռուբենյանի հետ փոխկապակցված անձը և «Գազպրոմ Արմենիա»-ին պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ի մասնաճյուղի տնօրենը։

Ակունք համայնքի ավագանու, ապա համայնքի ղեկավարի 10.08.2022 թ.-ի որոշմամբ Հատիս լեռան վրա գտնվող 3 առանձին հողամաս վաճառվել է Վահե Արտաշեսի Օհանյանին։ Վահե Օհանյանն Աբովյանի քաղաքապետարանի «Կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Օհանյանի որդին է։ Վահե Օհանյանը Ակունքի համայնքապետարանում պարբերաբար հանդես է եկել որպես «Ալեքսանդր Ազիզյան Էդիկի» ԱՁ-ի տնօրեն։ Այդ ԱՁ-ն շահագործում է Ակունք գյուղում գտնվող «Բյուրակն» ռեստորանը։ «Ալեքսանդր Ազիզյան Էդիկի» ԱՁ-ի հիմնադիրը՝ Ալեքսանդր Ազիզյանը, Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի կնոջ` Աննա Ազիզյանի եղբայրն է։ Այս կապը հաշվի առնելով` կարելի է ենթադրել, որ Վահե Օհանյանը ձևական է հանդես գալիս որպես գնորդ, իրական գնորդը հենց համայնքի ղեկավարն է՝ Հունան Ռուբենյանը։ Ի դեպ, ուսումնասիրելով Ակունքի համայնքապետարանի կայքը՝ պարզեցինք, որ Վահե Օհանյանը տարբեր տարիների ձեռք է բերել Ակունք համայնքի սեփականություն հանդիսացած բազմաթիվ հողամասեր։ Բացի այդ, համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի որդին՝ Ժորա Ռուբենյանը, 2021 թ.-ին Ալեքսանդր Էդիկի Ազիզյանից (ԱՁ-ի սեփականատիրոջից) 4 հողակտոր է նվեր ստացել։

Հունան Ռուբենյանը Ակունք համայնքը ղեկավարում 1996 թ.-ից։ Մինչև 2017 թվականը Ռուբենյանը Ակունք գյուղի գյուղապետն էր, դրանից հետո՝ Ակունք խոշորացված համայնքի ղեկավարը։ Նախկին ԲՀԿ-ական Հունան Ռուբենյանը 2022 թ.-ին Ակունք համայնքի ավագանու ցուցակը գլխավորում էր արդեն որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ «Ապագա կա» կարգախոսով մասնակցելով ընտրություններին՝ «ՔՊ»-ն Ակունք համայնքում ստացավ ընտրողների ձայների մեծամասնությունը, իսկ Հունան Ռուբենյանը ևս մեկ անգամ ստանձնեց համայնքի ղեկավարի պաշտոնը։


Ակունքի ավագանու ընտրությունների քարոզչական պաստառը(2022 թ.)
Հունան Ռուբենյանի հետ փոխկապակցված անձ Վահե Օհանյանը Ակունք համայնքի Կոտայք բնակավայրից Կապուտան բնակավայր տանող ճանապարհի աջակողմյան մասում 1.2 և 1.6 հա մակերեսով գյուղատնտեսական հողամասերը գնել է համապատասխանաբար 570 հազար և 760 հազար դրամով։ Այդ երկու հողամասերը Օհանյանը հետագայում միացրել է՝ դարձնելով 2.8 հա մակերեսով մեկ ամբողջական հողամաս։

Բացի այդ, Վահե Օհանյանը Հատիս լեռան վրա ձեռք է բերել 3.5 հեկտար մակերեսով գյուղատնտեսական հողամաս, որը գտնվում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հողակտորների հարևանությամբ (ոչ գագաթի հողերի)։ Այդ հողատարածքի համար Վահե Օհանյանը Ակունք համայնքի բյուջե վճարել է 1 միլիոն 383 հազար դրամ։

2022 թ.-ի օգոստոսին աճուրդով վաճառված հողամասերից մյուսը Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի վարչական տարածքում է, ունի 1.3 հա մակերես։ Գյուղատնտեսական նշանակությամբ այդ հողամասը 620 հազար դրամով գնել է Խորեն Զաքարի Զաքարյանը։ Խորեն Զաքարյանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ի ստորգետնյա աշխատանքների մասնագիտացված մասնաճյուղի տնօրեն Արգիշտի Զաքարյանի հայրն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա