Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 16:45 09-12-2022

Շոյգուն նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի հիմնական ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հիմնական ռազմավարական գործընկերն է Անդրկովկասի տարածաշրջանում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Շոյգուն այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ։

Շոյգուն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում և առանցքային ռազմավարական գործընկերը Անդրկովկասում: Նրա խոսքով՝ Մոսկվան չափազանց շահագրգռված է տարածաշրջանում կայունության պահպանման հարցում և գործադրում է բոլոր ջանքերը դրա համար:

«Մենք առանձնահատուկ կարևորում ենք երկկողմ համագործակցության զարգացումը և աջակցության մեծացումը՝ Հայաստանի զինված ուժերի ներուժը մեծացնելու նպատակով»,- ասել է Շոյգուն։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների 2023 թվականի համագործակցության ծրագիրը։

Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ շարունակել համատեղ իրականացվող աշխատանքը։

Սուրեն Պապիկյանն իր հերթին նշել է, որ սա այս տարվա ընթացքում իր և Սերգեյ Շոյգուի չորրորդ հանդիպումն է։ «Մենք բարձր ենք գնահատում գագաթնաժողովը կազմակերպելու ձեր նախաձեռնությունն ու ջանքերը: Դեկտեմբերը ճիշտ ժամանակն է հաշվի առնելու և ապագայի ծրագրերի մասին մտածելու համար, այսօր մենք կստորագրենք 2023 թվականի պլանը»,- ասել է Պապիկյանը: