«Դատախազական համակարգում չեն կարող դրսից բերել, մեծամասամբ ներսի դատախազներն են, եթե խոսքը աշխատակազմի ինքնավար պաշտոնների, հաստիքների մասին է, դա սպասարկող անձնակազմ է»,-այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ խոսելով Դատախազության նշանակումներից։
«Իսկ դատախազական անձնակազմի նշանակումների մասով, որքանով որ ես եմ տեսել դրանք համակարգի ներսից կատարվող նշանակումներ են։ Դրսից նշանակում եղել է միայն գլխավոր դատախազի տեղակալը՝ Անահիտ Մանատյան, և Հովհաննես Քոչարյանը՝ զինվորական դատախազի տեղակալ․ դատախազական հաստիքի ուրիշ նշանակում չի եղել»։
Հարցին, որ Դատախազությունում վերջին նշանակումը եղել է Հովհաննես Քոչարյանը, ում նշանակել են Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին, ինչպես կգնահատի այդ նշանակումը, արդյոք տեղին է, Ասլանյանն ասաց. «Ես կդժվարանամ ասել՝ տեղին էր, թե ոչ, նա, ընդհանուր առմամբ, խելացի իրավաբան է, և որքանով որ տեղյակ եմ, քննիչ, դատախազ չի աշխատել, բայց այնուամենայնիվ ոլորտին ծանոթ է, փաստաբան աշխատել է, հետևաբար դժվար է կոնկրետ կարծիք արտահայտել։ Առհասարակ, իմ կարծիքով, այն կադրային նշանակումները, որոնք հրապարակվել են, հիմնականում ցածր օղակից տեղափոխումներ են․ այս մասով ասելու շատ բան չկա։ Այս պահին մարզի դատախազների 90 տոկոսը նույն մարդիկ են, վարչական շրջանները նույն մարդիկ են, վարչության պետերը ամբողջությամբ նույնն են․ մեկ-երկու անձինք են դուրս եկել»։
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն էլ, խոսելով Հովհաննես Քոչարյանի, մասին ասաց. «Նորմալ խելքով մարդ է»։
Հարցին, թե այդ հատկանիշները բավակա՞ն են լավ դատախազ աշխատելու համար, Սիրունյանն ասաց. «Չէ լավ դատախազ լինելու համար շատ հատկանիշներ են պետք, Դավթյան Արթուրից հետո ով պատահի, կարող է դատախազ լինել, հարցը դա չէ, եթե հարցնում եք Քոչարյանը լավն է, թե ոչ, ասում եմ՝ Քոչարյանը խելքով մարդ է, խղճով մարդ է, գիտելիքները տեղն են։ Ես իրեն ցանկանում եմ, ինչպես որ մենք իրեն ճանաչում ենք, նույն ձևով էլ շարունակենք ճանաչել։ Մենք հիմա որ գցենք-բռնենք, 700 դատախազներից ովքեր են լավը, 670 լավը չեն։ Ես ես ձեզ ասում եմ որպես 17 տարվա պրոֆեսիոնալ դատախազ»։
Սիրունյանն ասաց, որ պետք չէ ուշադրության դարձնել, թե դատախազությունում, որ բաժնից ում ուր են տեղափոխում, դա կարևոր չէ. «Դատախազության ներսի նշանակումները, թե այսինչին տարան այնինչ տեղը, դրա վրա պետք չէ ուշադրություն դարձնել, դա եղանակ փոխող չէ, եղանակ փոխողը գլխավոր դատախազն է իր տեղակալներով։ Մենք՝ փաստաբաններս, հիմա դրա արդյունքն ենք ուզում տեսնել՝ այդ համակարգը հոգեպես փոխվելու է, թե ոչ։ Այն, թե մարզի դատախազը Պողոսն է թե Պետրոսը, դա բան չի փոխում»,-ասաց Սիրունյանը։