copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:19 26-11-2022

Ավտորիտար երկրի կողմից հարձակման ենթարկված ժողովրդավարությանը չաջակցելն ուղղակի վնաս է ժողովրդավարությանը․ հայ պատգամավորի ելույթը ԵԱՀԿ ԽՎ-ում

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամ, ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում: Իր ելույթում նա անդրադարձել է ադրբեջանական ագրեսիային և դրան ճիշտ կերպով պատասխանելու անհրաժեշտությանը։

«Իրականությունը, որին բախվում ենք մեր օրերում, ոչ միայն բարդ է, այլեւ սարսափելի: Մեր երկրներից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարել:

Ուկրաինայում շարունակվող պատերազմը հանգեցրել է Եվրոպայում անվտանգության ճգնաժամի, որը մեզ քիչ հնարավորություն է տալիս կենտրոնանալու այլ հակամարտությունների վրա: Այնուամենայնիվ, այս մոտեցումը սխալ է, քանի որ ճգնաժամերը միտում ունեն ոչ միայն սրվելու, այլեւ տարածվելու:

Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին վճռական եւ համարժեք արձագանքի բացակայությունը նախադեպ ստեղծեց ուժի կիրառմամբ հարցերը «լուծելու» եւ ստիպելու աշխարհին հաշտվել դրա հետեւանքների հետ:

Եթե մեկ ավտորիտար պետություն կարող է ագրեսիա սանձազերծել, գործել պատերազմական հանցագործություններ եւ մնալ անպատիժ, ինչո՞ւ որեւէ այլ ավտորիտար պետություն չպետք է մտածի, որ կարող է նույնպես փորձել եւ «հաջողել»:

Սակայն այսօր, փոխանակ պատասխանելու ադրբեջանական գործընկերների հայելային մեղադրանքներին, որը նրանց սովորական ռազմավարությունն է, ես ցանկանում եմ խոսել մեր արձագանքի մասին. ի՞նչ պետք է անենք մենք:

Ի տարբերություն միջազգային հանրության բազմաթիվ դերակատարների եւ պետությունների ղեկավարների, ովքեր Ադրբեջանին հուժկու ուղերձ ուղղեցին այն մասին, որ ագրեսիան չի կարող հանդուրժվել, մեր Խորհրդարանական վեհաժողովն ամոթալի կերպով չի անդրադարձել իրավիճակին հասցեական եւ հստակ հայտարարություններով:

Մեր պատասխանն ագրեսիային պետք է լինի շատ կոնկրետ. ժողովրդավար պետությունները պետք է աջակցեն ժողովրդավար պետություններին: Ավտորիտար երկրի կողմից հարձակման ենթարկված ժողովրդավարությանը չաջակցելն ուղղակի եւ ահռելի վնաս է ժողովրդավարությանը՝ վերջինիս մենակ թողնելով այն վտանգավոր գաղափարի դեմ, որ ժողովրդավարությունները չեն կարող պաշտպանել իրենց, եւ անվտանգությունն ավելի լավ է ապահովվում ոչ ժողովրդավարական միջոցներով, այսպես կոչված «ուժեղ ձեռքի» միջոցով: Այս ռիսկի իրականացման հետեւանքները չպետք է թերագնահատվեն ոչ միայն Հայաստանի կամ Կովկասյան տարածաշրջանի, այլեւ ԵԱՀԿ ավելի մեծ տարածաշրջանի համար:

Խոսելով գործնական քայլերի մասին՝ ԵԱՀԿ-ն սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստան է ուղարկել կարիքների գնահատման առաքելություն: Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության զեկույցի հասանելիությունը բոլոր մասնակից պետությունների համար էական նշանակություն կունենա՝ ապահովելով ԵԱՀԿ-ի հետագա ներգրավվածությունը մեր տարածաշրջանում, ինչպես նաեւ առանցքային դեր կխաղա նոր հնարավոր ագրեսիան կանխելու եւ Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում»,- ասել է պատգամավորը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ