Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:29 05-11-2022

Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը կշարունակի իր ծառայությունը պետությանն ու ժողովրդին՝ ընդունելով նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանի առաջարկը թիմային աշխատանքի վերաբերյալ: Բեգլարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կծառայի որպես պետական նախարարի խորհրդական:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեկ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ազատվեցի ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ էստաֆետը փոխանցելով Ռուբեն Վարդանյանին: Կուզեի մի քանի կետ ընդգծել այդ առթիվ.

1. Շնորհակալ եմ Նախագահ Հարությունյանին՝ պետությանն ու ժողովրդին ծառայելու այս հնարավորության համար: Շնորհակալ եմ նաև պետական նախարարի աշխատակազմին և իմ բոլոր գործընկերներին՝ համատեղ ծառայության համար:

2. Ես պետնախարարի լիազորությունները ստանձնեցի ծանր պայմաններում՝ աղետալի պատերազմից ամիսներ անց՝ գիտակցելով պատասխանատվությանս չափը ժողովրդի, Նախագահի, գործընկերներիս ու հաջորդ սերունդների առջև:

3. Ճգնաժամային պայմաններում իմ լիազորությունների ու կարողությունների շրջանակներում կատարել եմ հնարավորինս խնդիրների օպերատիվ ու համակարգային լուծման ուղղությամբ: Թե որքանով եմ հաջողել ու ձախողել, թող գնահատեն ժողովուրդը, Նախագահը և գործընկերներս, սակայն կարծում եմ, որ նման ծանր պայմաններում Նախագահի գլխավորությամբ բավականին կարևոր ու ծավալուն աշխատանք է կատարվել կառավարության կողմից: Արածիս և չարածիս վերաբերյալ իմ հակիրճ գնահատականները ներկայացրել եմ ասուլիսով:

4. Պաշտոնավարման ընթացքում ես առաջնորդվել եմ ԱՀ Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ, իմ խղճով, արժեքներով, սկզբունքներով և ազգային ու պետական շահերով: Թեև ես ինքս ամբողջությամբ չեմ գոհ իմ գործունեության արդյունքներից, սակայն խիղճս մաքուր է և սիրտս հանգիստ, որ նվիրվել եմ անմնացորդ կերպով և ներդրել եմ իմ առավելագույն ներուժը:

5. Ներողություն եմ հայցում իմ բոլոր հայրենակիցներից՝ իմ բացթողումների և հարուցած հիասթափությունների համար: Հավատացե՛ք, որ դրանց պատճառները չեն եղել իմ անտարբերությունն ու ծուլությունը, այլ՝ ռեսուրսների, կարողությունների ու լիազորությունների սահմանափակությունները:

6. Ուրախ եմ, որ Նախագահն ու Ռուբեն Վարդանյանը այս որոշումը կայացրեցին, և պարոն Վարդանյանը լայն լիազորություններով առաքելություն է ստանձնել Արցախի առջև ծառացած ներքին ու արտաքին հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Վստահ եմ, որ հնարավորությունների նոր դաշտ է բացվում մեր առջև, և մեր ապագան պետք է ինքներս կերտենք՝ համայն հայության մասնակցությամբ ու աջակցությամբ:

7. Որոշել եմ շարունակել իմ ծառայությունը պետությանն ու ժողովրդին՝ ընդունելով Ռուբեն Վարդանյանի առաջարկը թիմային աշխատանքի վերաբերյալ: Ուստի, ես կծառայեմ որպես պետական նախարարի խորհրդական, որն, ի դեպ, Նախագահի ու պարոն Վարդանյանի հետ քննարկված հնարավոր ամենացածր պաշտոնն է, սակայն ամենաօպտիմալ տարբերակն է այս փուլում իմ ներուժի արդյունավետ իրացման համար, որովհետև ինձ համար ոչ թե կարգավիճակն է կարևոր, այլ՝ արժեքներն ու արդյունքները: Ի լրումն սահուն անցում ապահովելուն ուղղված աշխատանքների՝ նաև կստանձնեմ կոնկրետ լիազորություններ ու գործառույթներ՝ և՛ հրատապ, և՛ ռազմավարական խնդիրների լուծման հարցում:

ԱՐՑԱԽԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ, ԱՎԵԼԻ ԶԱՐԳԱՑԱԾ ՈՒ ԱՄՈՒՐ:

Ի ԳՈ՛ՐԾ…»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել