copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:53 05-08-2022

Բյուրականի աստղադիտարանում բացահայտել են, որ աստղառաջացման պրոցեսները կարող են ձգանի դեր խաղալ. ԳԱԱ

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները՝ ՌԴ Հատուկ աստղադիտարանի «Արտագալակտիկ օբյեկտների սպեկտրոսկոպիա և ֆոտոմետրիա» լաբորատորիայի աշխատակիցների մասնակցությամբ մեծ չափեր և զանգված ունեցող HII-տիրույթների և կոմպլեքսների 6-մ աստղադիտակով ստացված տվյալների հիման վրա ցույց են տվել, որ աստղառաջացման պրոցեսները կարող են ձգանի դեր խաղալ՝ դառնալով ձևաբանական փոփոխությունների պատճառ։

ԳԱԱ-ից NEWS.am-ին հայտնում են, որ եզրակացության հիմքում SBS1539+597(UGC055758) գալակտիկայի համար 6-մ դիտակով ստացված 3D-սպեկտրոսկոպիկ տվյալներն են: Ցույց է տրվել, որ այս էլիպտիկ տիպի գալակտիկայում դիտվող պարուրաձև թևի առաջացումը սկիզբ է առնում կենտրոնական մասում գտնվող HII-տիրույթի հետ, որում բուռն աստղառաջացման պրոցեսներ են ընթանում: Գիտական աշխատանքը ղեկավարել է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սուսաննա Հակոբյանը:

«Դիտումներից ստացված 3D-սպեկտրոսկոպիկ տվյալների մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ ուսումնասիրվող գալակտիկայի կենտրոնական մասում գտնվում է ակտիվ աստղառաջացման տիրույթ: Այն բաղկացած է երկու HII տիրույթներից և տուրբուլենտության գոտուց, որն առանձնանում է ճառագայթող գազերի սկավառակային ընդհանուր ֆոնային պտույտից: Արագությունների դաշտում բացահայտվում է նաև գալակտիկայի հիմնական մարմնից անջատվող թևի առկայություն, որի սկզբնամասը դիրքավորված է ակտիվության տիրույթում: Հաշվի առնելով նաև տուրբուլենտության գոտու առկայությունը՝ կարելի է եզրակացնել, որ աստղառաջացման ակտիվության հետ կապված գործընթացները կարող են ազդել շրջակա գազերի կինեմատիկայի վրա, ձգանի դեր ունենալ՝ հարուցելով տվյալ դեպքում թևի անջատումը, և ընդհանուր դեպքերում՝ գալակտիկայի ձևաբանության փոփոխությունը: Սա գալակտիկաների էվոլյուցիայի խնդիրների հետ շաղկապված նոր, կարևոր արդյունք է»,– ասում է Սուսաննա Հակոբյանը:

Աշխատանքը կատարվել է «Երկրորդ Բյուրականյան շրջահայության յոթ ընտրված դաշտերի գալակտիկաների կոմպլեքս ուսումնասիրություն» մեծածավալ ծրագրի մաս կազմող «Աստղառաջացման ակտիվությամբ z<0.1 կարմիր շեղումով գալակտիկաների մանրակրկիտ ուսումնասիրություն» ենթածրագրի շրջանակներում: Աշխատանքի վերաբերյալ գիտական հոդված է տպագրվել «Astrophysics» («Aстрофизика») ամսագրում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել