copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:15 29-06-2022

Գրականությունը պատմության մոռացված էջն է

Գրականությունը պատմության մոռացված էջն է: Այն, ինչ վրիպում, անտեսում է պատմությունը, գրականությունը չի մոռանում: Աշխարհի տերերը վախեցել են ոչ թե պատմագրությունից, այլ գրականությունից: Պատմությունը կարող են ուղղորդել, երբեմն իրենց ուզած ձևով շարադրել՝ հարմարեցնելով ոչ այնքան սեփական, որքան նախընտրած վարքագծին, բայց գրականությունը՝ երբեք: Եվ հենց գրականությունն է, որ անաչառ, անշղարշ ու անթաքույց կերպով ներկայացնում է նրանց վարքագրությունը չխնայելով, չզիջելով և չվրիպելով: Ճշմարիտ գրականությունը:

Գրականությունը ոչ այնքան վեհ գաղափաների, որքան կյանքի մանրուքների մեջ է, չերևացողի, անտեսվողի, որ մոռանում է, պարզապես հիշողության մեջ չի պահում ժամանակը: Այդքան հոծ, բազմերանգ տեղեկատվություն ժամանակն անկարող է տեղավորել իր մեջ. դուրս է մղում, որպեսզի նորն ընդունի: Իսկ գրականությունը թույլ չի տալիս, որ այդ դուրս մղածը, թափոնը կորչի՝ վերածվելով փտած անպետքության: Որովհետև ժամանակը, լինելով անարդար, եսակենտրոն, չի գիտակցում, թե որն է կարևոր, և որն է անպետք հիշողության համար: Իսկ գրականությունը տեղավորում է իր մեջ, միշտ էլ տեղ ունի ցանկացած հիշողության համար, որովհետև ինքը ոչ միայն ժամանակի ծնունդն է, այլև ժամանակ ստեղծողը: Իր ծնողից ավելի մեծ շրջանակ է ընդգրկում ծնվողը, և ծնողն ապրում է իր ծնածի մեջ ոչ թե որպես հիշողություն, այլ ներկա, որովհետև եկող ժամանակներն ուղղակի երկխոսություն մեջ են մտնում իր հետ, որ անցյալն է:

Գրողն աղբահավաք է, իր մեջ է ներառում ժամանակի շպրտածը, անպետքը, թափոնը: Տեսակավորում, մաքրում է որպես հումք և մատուցում նոր իրեղենություն: Այն հնագետն է, որ պեղում է աղբանոցը և հստակ պատկերացում տալիս մոռացված քաղաքի, ժամանակի մասին՝ ամենայն մանրամասներով, թե ինչ կենցաղով են ապրել մարդիկ, ինչ սովորույթներ ու հավատալիքներ են ունեցել, ինչ են նախըտրել ժամանակի մեջ ու ժամանակ առաջ: Գրականությունն այդ աղբահորն է, հավաքակայանը: Գրականությունը անցաթուղթ և խուզարկության թույլտվություն ունի՝ թափանցելու խոհանոց, քիթը խոթելու ննջարան ու անկողին, ինչն անթույլատրելի է: Այդ իսկ պատճառաբանությամբ էլ պատշաճ չէ, գռեհկություն ու անդաստիարակություն է դիտվում ննջարանում կամ բաղնիքում տեսախցիկ տեղադրելը: Բայց գրականությունը երկնքի տեսախցիկն է՝ Աստծու հայացքը, որի մեջ ամեն ինչ տեղավորվում է և ամենաթափանց է, անքննելի, անարգել: Իսկ Աստծու հայացքից չեն վրիպում մեր ներսը, թաքունը, անկողինը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել