Ֆեյսբուքը շարունակում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարը հրապարակելու համար հայաստանյան օգտահաշիվները արգելափակել։ Օրերս Ֆեյսբուքի այդ որոշման զոհը դարձավ նաև
Oragir.news-ը։
Մոնթե Մելքոնյանի մահվան տարելիցի օր մենք հրապարակել էինք նրա լուսանկարը, ինչց հետո ֆեյսբուքը Oragir.news-ի ֆեյսբուքյան էջը արգելափակել է, և անորոշ ժամանակով մեզ զրկել ուղիղ հեռարձակումների հնարավորությունից։ Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր ևս Ֆեյսբուքի այս քաղաքականության զոհն են դարձել, օրինակ՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Բանն այն է, որ Մոնթե Մելքոնյանը ՀԱՀԳԲԻ-ի ( Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ՝ ԱՍԱԼԱ) անդամ է եղել, որը ԱՄՆ-ում ճանաչված է որպես «տեռորիստական կազմակերպություն», հենց այս հիմքով է Ֆեյսբուքը արգելափակում ՀՀ ազգային հերոսի լուսանկարները տարածող էջերը։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոոսյանը
Oragir.news-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե կա՞ տարբերակ, որ Մոնթե Մելքոնյանը դուրս գա Ֆեյսբուքի սև ցուցակից, և ի՞նչ գործառույթ ունի ասյտեղ պետությունը, ասաց․ «Թե ինչու է արգելափակում, երևի գիտեք, բայց արդյո՞ք հնարավոր է արգելափակումից հանել․․․ քանի որ փորձ չկա, ենթադրվում է 2 տարբերակ։ Մեկն այն է, որ պետությունը բանակցի Ֆեյսբուքի հետ, երկրորդը մի քիչ ավելի բարդ է ու անորոշ․ կա Ֆեյսբուքում գործող, այսպես կոչված, անկախ խորհուրդ, որը կայացնում է որոշումներ այդ ուղղությամբ։ Այդ խորհրդում հավաքված են լրագրողներ, իրավապաշտպաններ և այլն։ Երբ Ֆեյսբուքի կողմից կասկածելի որոշումներ են լինում, հնարավոր է բողոքարկել, իրենք դա կարող են նայել և կայացնել որոշում, որը նախադեպային ազդեցություն ունի մնացած դեպքերի վրա։ Ես գիտեմ, որ մի քանի հոգի փորձել են դիմել այդտեղ, բայց դեռ չեմ լսել, որ ինչ-որ պատասխան լինի այդ հարցով»։
Մեդիափորձագետից հարցրինք նաև, թե հնարավո՞ր է Ֆեյսբուքի դեմ իրավական գործընթացներ սկսել միջազգային դատական ատյաններում․ «Խնդիրը հենց այդ է, որ Ֆեյսբուքը պատասխանատու չէ ոչ մի նման ատյանի դիմաց, մեծ երկրները խնդիրը լուծում են ուղղակի տուգանելով Ֆեյսբուքին, բայց մենք փաստացի այդ լուծումը չունենք, որովհետև մենք իրենց համար տնտեսապես ոչ մի բան ենք մեծ հաշվով։ Գուցե հնարավոր է բանակցելով, որովհետև դու իրենց վրա ոչ մի իրավական լծակ չունես»։
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ պետությունը՝ ի դեմս ԱԳՆ-ի, շատ մեծ անելիք ունի, հատկապես որ ներկայիս իշխանությունները Ֆեյսբուքի հետ համագործակցության լավ փորձ ունեն՝ տարբեր ընդդիմադիր գործիչների էջերը արգելափակելու գործում․ «Դա պետության թիվ 1 գործառույթներից մեկն է՝ ԱԳՆ-ի, մեկ էլ Հանրային կապարի վարչության համապատասխան բաժինը պետք է դրանով զբաղվի։ Խնդիրն այն է, որ ադրբեջանցիները նույնականացրել են Մոնթե Մելքոնյանին ԱՍԱԼԱ-ի հետ, իսկ քանի որ ԱՍԱԼԱ-ն ԱՄՆ-ի տարածքում արգելված կազմակերպություն է, բնականաբար, Ֆեյսբուքին տվել են այդ ամբողջ տեղեկատվությունը, և Ֆեյսբուքը ավտոմատ, տեսնելով Մոնթեի անուն-ազգանունը, նկարը և այլն, համապատասխան որոշմամբ արգելափակում է՝ առանց 1 րոպե սպասելու։ Ի՞նչ պետք է աներ մեր պետությունը․ ես հուշել եմ, որ ԱԳՆ-ն պետք է նամակ գրի Ֆեյսբուքին, ժամանակին լավ էլ նամակներ էին գրում՝ խնդրելով այս կամ այն ընդդիմադիր գործչին արգելափակել։ Այդ կապը կա, դիմում են Ֆեյսբուքին և ասում են, որ Մոնթե Մելքոնյանը ժամանակին եղել է ԱՍԱԼԱ-ի անդամ, բայց դուրս է եկել, Մոնթե Մելքոնյանը չի հանդիսանում ԱՍԱԼԱ-ի անդամ, նա Հայաստանի ազգային հերոս է՝ համապատասխան հղումներով, և, իմ կարծիքով՝ այդ հարցը շատ հեշտ կլուծվեր, բայց պետությունն այդ ուղղությամբ գործ չի անում։ Ես էլի եմ ասում՝ այնպես չէ, որ Ֆեյսբուքի տեղը չգիտեն ու համապատասխան տեղերն էլ չգիտեն, թե ինչ գրեն ու ինչպես գրեն․ երբ իրենց պետք է լինում, իրենք դա անում են։ Կա՛մ թերացել են, կա՛մ էլ հատուկ են անում, գուցե իրենք էլ են Մոնթեից զզվում, դրա համար այդ գործը չեն ուզում անել»։
Տիգրան Քոչարյանի խոսքով՝ այս հարցով կարող է զբաղվել «Մեդիանախաձեռնությունների կենտրոնը»՝ media.am-ը, որը հայաստանյան ԶԼՄ-ների էջերը արգելափակելով էր զբաղված․ «Նույն հաջողությամբ, այսպես կոչված, media.am-ը կարող է մասնակցել այդ ամենին, որովհետև ժամանակին և մինչև հիմա էլ իրենք Ֆեյսբուքին «ռիփորթներ» են գրում, որ այս կամ այն էջը արգելափակվի կամ դիտելիությունը քչացնեն, մանիտիզացիան վերանա։ Իրենք ուղիղ կապ ունեն Ֆեյսբուքի հետ, կարող են դա գրել, որ Մոնթե Մելքոնյանը չի հանդիսանում տեռորիստ, նա հանդիսանում է ՀՀ ազգային հերոս։ Ուղղակի չեն ուզում, չեն անում»։
Տիգրան Քոչարյանին հարցրինք նաև՝ նախկինում Հայաստանը այս ուղղությամբ որևէ բան արե՞լ է․ «Շատ է արվել, մինչև 2018 թվականը տարբեր տիպի այսպիսի առիթներ եղել են, կոնկրետ Մոնթեի հետ կապված չի եղել, բայց ուրիշ բաներ եղել են, պետությունը ԱԳՆ-ի մակարդակով, համապատասխան դեսպանատների մակարդակով խառնվել է, ճիշտ տեղեկատվությունը տվել է, և այդ հարցերը կարգավորվել են։ Հիմա սա, իմ կարծիքով, ուղղակի սաբոտաժ է պետության կողմից։ Չեմ ուզում մտածել, որ հիմա ԱԳՆ-ում կամ դեսպանատներում Մոնթեից զզվում են, համամիտ են՝ Ֆեյսբուքում պետք է տեղ չունենա, բայց թող հակառակը ապացուցեն։ Էլի եմ ասում ՝ ես չեմ տեսնում որևէ աշխատանք, որևէ աշխուժություն այդ ուղղությամբ», - պատասխանեց մեդիափորձագետը։
Զարմանալի է, որ նույնիսկ ֆեյսբուքյան գովազդները հարկել ցանկացող իշխանությունը, որը նաև պետական կառավարումն է ֆեյսբուքի միջոցով իրականացնում, որևէ բան չի անում ՀՀ և Արցախի հերոսի անունը Ֆեյսբուքի սև ցուցակից հեռացնելու համար, իսկ թե ինչո՞ւ, միայն ենթադրել կարելի է։