copy image url
Միտք 4 տարի առաջ - 21:19 21-05-2022

Բա որ պապան ուշանա՞…

Նախապես շեշտեմ, որ դա «պապայից» այնքան էլ հեռու չէ: «Հանգամանքների բերումով» ու ձևավորված ավանդույթի համաձայն՝ ամենաճակատագրական պահերին նա մշտապես ուշանում է: Շատ չէ՝ մի երեք օր…Ավաղ, որպես կանոն, երբ բանը բանից արդեն անցած է լինում: Հետո, իհարկե, փոքր-ինչ ավելի ուշ, մռայլ իրավիճակն ու հնարավոր թյուրըմբռնումը շտկել են փորձում «հայրական» ճշմարտանման արդարացումները: Այդպես է եղել Վանում, այդպես է եղել Կարսում… Դա տեղի է ունեցել նախորդ դարի սկզբնամասում, երբ հայ ժողովուրդը կենաց-մահու կռիվ էր մղում թուրքերի դեմ՝ «մտքում ունենալով» հյուսիսային եղբորից ակնկալվող օգնություն-օժանդակությունը: Եղբայրն էլ օգնում էր ինչպես կարողանում էր… Ճիշտ է, փոքր-ինչ ուշացումով, ճիշտ է՝ յոթ չափելով, մեկ կտրելով, բայց մեկ է՝«օգնության», այնուամենայնիվ, հասնում էր…Պատմագետ-վերլուծաբանները գիտեն, քաջածանոթ են այդ «օգնության» գնին: Գիտեն նաև, որ ավագ եղբայր ասելիս հայերն ավելի շատ հայրական վերաբերմունքի ակնկալիք, ծնողական գորովանքի կարիք են ունեցել: Պիտի խոստովանենք, որ հիմա՝ մեր օրերում էլ է այդպես: Այժմ ցանկանում եմ խոսել տարածում գտած մի երևույթի մասին, որը կքողազերծի ասելիքիս ենթատեքստը:

Հաստատ դուք էլ հյուրընկալված կլինեք «հայկական ոգին» մշտապես վառ պահող այնպիսի օջախներում, որտեղ ընտանիքի մեծը՝ նահապետը, առաջին քայլերն անող թոռիկի «հիմքում» փորձում է «զետեղել» անելիքը՝ «Բալես թուրքին ինչ անի՞…»: Իր իսկ սովորեցրած հայհոյանքը թլոշ թոռան «կատարմամբ» աննկարագրելի, անասելի ուրախություն է պատճառում ոխատենչ պապին, ում «խորովվող» սիրտը դրանից երևի թե մասամբ հովանում է… Ու քանի որ Հայաստանում ասելը նույնացվում է անելու հետ, գործն արված է համարվում… Որպես կանոն «պատմական արդարության» վերականգնումը «շռնդալից» հաջողություն է արձանագրում վիրտուալ տարածքում: Իսկ իրական կյանքում բեղ-մորուսը, պատրոնդաշը, ազգագրական խրոխտ երգերը, հիպոթետիկ հայոյանքն ու թշնամի համարվող դրացիների դրոշների հրապարակային հրկիզումը առավելապես էստրադային, քան բովանդակային նշանակություն են ունենում: Որպես կանոն Թուրքիային հայհոյողները, իհարկե ոչ բացեիբաց, բայց գողունի հետ են շրջվում՝ հավաստիանալու համար իրենց «պատրոնի»՝ հայկական օջախի նահապետ պապի մոտեցումը դրսևորող Ռուսաստանի՝ կայուն, թևեր տվող ներկայության մեջ: Մնացած ամեն ինչը ընթանում է «Լեոպոլդ կատվի արկածները» հանրահայտ մուլտֆիլմի ենթատեքստի հանգույն: Ծովից ծով Հայաստանի, պատմական արդարության վերականգնման, հողային ու ֆինանսական միջոցների կոմպենսացման պահանջ: Անշուշտ, եթե սա իրականալի լիներ, առնվազն թանձրամտություն կլիներ դրանից հրաժարվելը: Իրատեսությունը հուշում է, սակայն, որ սա, գոնե առաջիկա տարիներին իրականություն դառնալ չի կարող, հետևաբար՝ հեքիաթի ոլորտից է: Գիտե՞ք նաև ինչն է հետաքրքիրը: Հայ ժողովրդի անհուսորեն ռոմանտիկ հատվածը դրսևորում է ճիշտ և ճիշտ նույնպիսի վարք, ինչպիսին դրսևորում է «քցված» վաշխառուն, որը «առուն դեռ չթռած»՝ գողոնի վերադարձից բացի, նաև տոկոսները, իր իսկ կողմից սահմանված վաշխն է հաշվում՝ այն ներառելով վերադարձվելիք միջոցների մեջ …

Ստամբուլը արյան ծով դարձնել տենչացողներին ու ծովից ծով Հայաստան փափագողներին հարկ եմ համարում հիշեցնել, որ նախ իրականում գոյություն ունեցող Հայաստանն է անհրաժեշտ ամեն տիպի աղտեղությունից ազատել, արժանապատիվ , երաշխավորված ու կանխատեսելի ապագա ունեցող երկիր դարձնել, հետո միայն կշռադատված քայլերի միջոցով հասնել Ցեղասպանության ճանաչմանն ու «գողոնի» վերադարձին՝ չնմանվելու համար անկար ու զառամյալ սուլթանին, որը շարունակում է իր հարեմի համար կույսեր փափագել:

Հ.Գ. – Հետահայաց դիտարկումների շարժառիթը ներքաղաքական զարգացումների սպառնալից շարունակության կանխարգելումն ու ուրիշների ցուցմամբ մեր համերկրացիների միջև անցկացվող բաժանարար գծերի, «կրակի» թեժացման անթույլատրելիության գիտակցումն ու բարձրաձայնումն է:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ