copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:39 17-05-2022

Հայաստանի և Եգիպտոսի գլխավոր դատախազներն ստորագրել են համագործակցության հուշագիր

Պաշտոնական այցով Կահիրեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազ Համադա Էլ Սավիի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և շեշտել, որ ՀՀ և ԵԱՀ-ի միջև հաստատվել են բազմաշերտ վստահության և հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, որոնք ամրապնդված են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում համագործակցության 5 տասնյակից ավելի ստորագրված փաստաթղթերով: Դրանց կարևոր մաս է կազմում նաև 2007թ. Կահիրեում կնքված քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության և հանձնման մասին համաձայնագրիրը, որով կարգավորվում են հարաբերությունները իրավական փոխօգնության ոլորտում և որի հենքին ՀՀ դատախազությունը տարիներ շարունակ ՀՀ արտգործնախարարության միջոցով համագործակցել է ԵԱՀ իրավասու մարմինների հետ:

«Ներկայում երկու երկրների դատախազությունների միջև գործակցության խորացման անհրաժեշտությունը Արթուր Դավթյանը պայմանավորել է նաև վերջին շրջանում քաղաքացիների փոխայցելությունների կտրուկ ավելացման հանգամանքով, ինչը առաջ է քաշում նաև միմյանց երկրներում նրանց իրավունքների պաշտպանության առավել գործուն միջոցների և երաշխիքների ապահովման խնդիր:

Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազ Համադա Էլ Սավին ողջունել է ՀՀ գլխավոր դատախազին իր երկրում գտնվելու առթիվ և համոզմունք հայտնել, որ այցը նոր խթան կհանդսանա երկու երկրների դատախազությունների միջև հարաբերություններին նոր մեկնարկ տալու համար:

Հանդիպման ընթացքում գլխավոր դատախազներն արժևորել են Եգիպտոսի հայկական համայնքի դերը ինչպես երկրի հանրային կյանքի բոլոր ոլորտների, այնպես էլ հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Քննարկվել են երկու երկրների դատախազությունների միջև կապերի ամրապնդման, իրավական փոխօգնության, ինչպես նաև անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում գործակցության զարգացմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Արթուր Դավթյանը և Համադա Էլ Սավին ստորագրել են ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր: Վերջինս ուղղված է ահաբեկչության և անդրազգային հանցագործությունների, ներառյալ՝ կազմակերպված հանցավորությանն, կոռուպցիայի, կիբեռհանցագործությունների, մարդկանց թրաֆիքինգի, տնտեսական հանցագործությունների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, մշակութային արժեքների ապօրինի շրջանառության դեմ պայքարում գործակցությանը, երկու երկրների իրավական համակարգի, օրենսդրության, ահաբեկչության, փողերի լվացման և այլ հարցերով փորձի փոխանակմանը, իրավական օգնության և հանձնման հարցումների շուրջ խորհրդատվությանը:

Նշվում է, որ փորձի հարստացման, կարողությունների զարգացման, դատախազական գործառույթների իրացման արդյունավետության բարձրացման շրջանակներում հուշագրով նախատեսվում են նաև դատախազների, փորձագետների փոխայցելություններ:

Հուշագրի ստորագրումը գնահատելով որպես գործընկերային հարաբերությունների իրավական հիմքերի ամրապնդման կարևոր քայլ՝ Արթուր Դավթյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազին հրավիրել է Հայաստան՝ առավել առարկայական քննարկելու հետագա համագործակցության հնարավորություններն ու եղանակները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից