copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:11 03-05-2022

Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները լավատեսություն չեն ներշնչում, լրիվ ընդհակառակը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

Գործող միջազգային կարգերը վերափոխման փուլում են, ինչն իր հետքն է թողնում համաշխարհային տնտեսության տարբեր բաղադրիչներում տեղի ունեցող տեղաշարժերի ու անկայունության տեսքով։

Հատկապես վերջին ամիսներին Ուկրաինայի շուրջ հակամարտության սրացումը և Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված աննախադեպ ծավալի պատժամիջոցները մեծ ազդեցություն են ունենում մատակարարումների շղթայի ու տնտեսական զարգացման տեմպերի վրա։ Եթե հակամարտության սկզբում որոշակի կանխատեսումներ կային, թե այն կարճ ժամանակի ընթացքում ինչ-որ հանգուցալուծում կարող է ստանալ, և ռազմական գործողությունները կդադարեն, ապա հիմա փորձագիտական շրջանակները հակված են կարծելու, որ կոնֆլիկտը բավական երկար է տևելու, անգամ տեսակետներ կան, որ տարիներով ընթանալու է։

Ուստի, ստեղծված իրավիճակը պայմաններ է ստեղծելու ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի տնտեսությունների թուլացման համար, այլև այն բոլոր պետությունների, որոնք տնտեսական տարբեր թելերով կապված էին այդ երկու երկրների հետ և կախվածություն ունեն հումքի և պարենամթերքի մատակարարումներից։ Եվ Հայաստանն այն երկրներից է, որը մեծապես կապված է Ռուսաստանի հետ, այդ թվում՝ տնտեսապես։ 2021 թվականի տվյալներով, Հայաստանից դեպի Ռուսաստան ապրանքների արտահանումը կազմել է Հայաստանի ընդհանուր արտահանման 28 %-ը, Ռուսաստանից ներմուծումը՝ ընդհանուր ներմուծման 33 %-ը։

Հետևաբար, երկարաժամկետ կտրվածքով Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող տեղաշարժերը էականորեն ազդելու են նաև հայաստանյան տնտեսական միջավայրի վրա։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից անմիջապես հետո ռուբլին կտրուկ արժեզրկվեց։ Ու պատահական չէ, որ ռուբլու արժեզրկումը բացասաբար ազդեց Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների տեմպերի և Ռուսաստանից դեպի մեր երկիր տրանսֆերտների մասնաբաժնի վրա։ Իսկ երբ ռուբլու հետ մեկտեղ սկսեց արժեզրկվել նաև հայկական դրամը, Հայաստանի ԿԲ-ն որոշում կայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8-ից դարձնել 9,25 տոկոսի չափ, ինչը նպաստեց դրամի արժևորմանը։ Սակայն որոշ ժամանակ անց Ռուսաստանի կողմից ձեռնարկված տարբեր քայլերի՝ մասնավորապես սպառված ռուսական գազի համար ռուբլով վճարելու, ինչպես նաև եկամուտը ռուբլու վերածելու պահանջից հետո ռուսական արժույթը ևս սկսեց արժևորվել։

Եվ ռուբլու արժևորման հետ մեկտեղ սկսվեց նաև հայկական դրամի կտրուկ արժևորումը դոլարի նկատմամբ։ Դոլարի փոխարժեքը հասել է 450 դրամի։ Դա կապված է նրա հետ, որ Հայաստանը սպառված ռուսական գազի համար սկսել է ռուբլով վճարել, և հայկական շուկայում դոլարի ավելցուկ է առաջ եկել, իսկ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանից եկող անձինք, մասնավորապես ծրագրավորողները, որոնք աշխատում են արտերկրի հետ, իրենց հետ դոլար են բերում Հայաստան։ Սակայն դոլարի՝ չափից շատ արժեզրկումը նաև իր բացասական հետևանքները կարող է ունենալ մեր տնտեսության վրա։ Նախ՝ դոլարի արժեզրկումը նշանակում է Հայաստանից դեպի արտերկիր արտահանողների շահույթի կրճատում, իսկ մյուս կողմից էլ՝ բացառված չէ, որ դրան հետևի հակառակ երևույթը, այսինքն՝ դրամը սկսի միանգամից ու կտրուկ արժեզրկվել։
Պատահական չէ, որ կանխատեսումներ կան, թե ամռանը ռուսական էներգակիրների նկատմամբ պահանջարկի նվազումը կհանգեցնի ռուբլու դիրքերի թուլացմանը, իսկ դա էլ իր հերթին կարող է հանգեցնել դրամի դիրքերի թուլացման։ Ուստի, ԿԲ-ն և կառավարությունը, քանի դեռ վերջինս հրաժարական չի տվել, պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը կտրուկ ցնցումներից խուսափելու և Հայաստանի տնտեսության մեջ կայունություն ապահովելու ուղղությամբ՝ հատկապես որ գնաճը ահռելի չափերի է հասել։ Սակայն պատասխանատու կառույցները ընդունակ չեն իրավիճակին համարժեք արձագանքել։ Օրինակ՝ ձեռնարկվող քայերից կարող էին լինել դրամի փոխարժեքի կայունության ապահովումը, արտադրության և արտահանման խրախուսումը, ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումը, գյուղատնտեսության զարգացումը։

Իշխանությունների անգործությամբ է պայմանավորված, որ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարները անորոշ են ու լավատեսություն չեն ներշնչում։ Օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 4,5-ից 5 տոկոսի փոխարեն հասցնելով մինչև 1,5 տոկոսի։ Իսկ որոշ տնտեսագետներ անգամ չեն բացառում, որ 2022 թվականը Հայաստանը կարող է ամփոփել մինչև 3 տոկոս տնտեսական անկումով։

Բազմաթիվ երկրների անգամ անցյալ տարի է հաջողվել հասնել նախաճգնաժամային տնտեսական մակարդակի։ Սակայն եթե հաշվի ենք առնում, որ Հայաստանը 2020 թվականի 7,4 տոկոս տնտեսական անկումից հետո 2021 թվականը փակել է 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով, ապա 2022 թվականի հոռետեսական կանխատեսումները ավելի հավանական են դարձնում, որ նույնիսկ այս տարի չենք կարող հասնել նախաճգնաժամային՝ 2019 թվականի մակարդակին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը