Ներքին Խոսք Տեսանյութ 4 տարի առաջ - 17:08 26-04-2022

Պատասխան կտան օրենքի առջև՝ շատ լավ, պատասխան չեն տա՝ մենք՝ ծնողներս, կհոգանք դրա մասին. Կ․ Տոնոյան

44-օրյա պատերազմում զոհված տղաների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում. նրանք հավաքվել են Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ։ Ակցիայի ընթացքում ելույթ ունեցավ նաև «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։

«Մեզանից յուրաքանչյուրը միշտ վախ ունի իր մեջ, որ մեզ հանկարծ չօգտագործեն ինչ-ինչ նպատակներով, քաղաքական նպատակներով։ Ես ձեզ կասեմ՝ Հայաստանում քաղաքականությունը հերոսությունից հեռու է կիլոմետրերով։ Զոհվելուց մեկ օր առաջ իմ որդին՝ Մենուան, զանգեց և ասաց. «Դավաճանություն է տեղի ունենում՝ տոտալ, մեզ գալիս և համոզում են՝ մի կռվեք, հողերը հանձնված են»։ Ես չգիտեմ՝ որ քաղաքական ուժն է նման կերպ վարվել, բայց ժամանակները կանցնեն, և մենք կհասկանանք։ Մենք գիտենք մի բան՝ տեղի է ունեցել սոսկալի, ես նույնիսկ կարծում եմ՝ աշխարհում չտեսնված մի դավաճանություն, ես ավելի շատ կասեմ՝ ինքնադավաճանություն, որի արդյունքում տուժել ենք մենք, ամենաշատը մենք։ Բայց այսօր մեզանից որևէ մեկը անգամ տուժող կողմ չի հայտարարված։ Կարգավիճակ կա պատերազմից տուժողի՝ մեզ տրված չէ։ Եվ ես այսօր հիմնականում եկել եմ ձեզ խնդրելու, որ ահա իմ ձեռքին միջնորդություն է, ես դրա համար եմ գալիս դատախազություն՝ պահանջելու, որ դատախազությունը Նիկոլ Փաշինյանին ճանաչի որպես պետական դավաճան, որովհետև իրականում, բոլոր տվյալներով, տեղի է ունեցել պետական դավաճանություն։ Եվ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է քրեական գործ հարուցվի, և նա պետք է ճանաչվի մեղավոր։ Որպեսզի մենք՝ բոլորս, այդ դատավարությանը ներկա լինենք, մենք պետք է ճանաչվենք տուժող կողմ։

Ես կարծում եմ՝ մենք տենչում ենք այդ օրը՝ երբ որ կդատվեն բոլոր մեղավորները։ Ես շատ հաճախ եմ Մենուային նամակ գրում՝ հույսով, որ նա կարդում է, որովհետև հոգիները, կարծում եմ, միշտ հաղորդակցվում են մեզ հետ, մենք՝ բոլոր ծնողներս, գիտենք դա։ Ես գրել եմ իրեն, որ երդվում եմ՝ մինչև կյանքիս վերջին օրը, Մեն, կռիվ եմ տալու, որ եթե մրջյունն անգամ մասնակցել է այդ պատերազմը կազմակերպելուն, պիտի պատժվի։ Բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ մասնակցել են դրան կամ ոչինչ չեն արել, որ կանխեն, պիտի պատժվեն։

Մենք ընկերներով դուրս ենք բերել հունիս ամսվանից մինչև սեպտեմբերի 27-ը ադրբեջանական, թուրքական և հայկական մամուլում տեղ գտած բոլոր հոդվածները, որոնցում հստակ երևում է, որ եթե մենք ունենայինք ազգային անվտանգություն, ապա փայլուն պետք է հասկանայինք, որ սկսվում է պատերազմ, և պիտի պատրաստվեինք դրան։ Իսկ իրականում ոչ մի նախապատրաստական գործ չի արվել, նույնիսկ զորամասեր են եղել, որտեղից տղաներին չեն տեղափոխել՝ հստակ իմանալով, որ առավոտյան հարձակում է լինելու, և հենց զորամասերում տղաները զոհվել են։ Սրա համար պետք է պատասխան տան բոլորը։ Պատասխան կտան իրավաբանորեն՝ օրենքի առջև, շատ լավ, պատասխան չեն տա՝ մենք՝ ծնողներս, կհոգանք դրա մասին։ Ես ապրում եմ միայն դրա համար, որպեսզի յուրաքանչյուր ոք դրա պատասխանը տա։ Ամեն օր ինձ հարյուրավոր նամակներ են գրում սատարման և հարյուրավոր՝ հայհոյանքի, մեկը հիվանդ է համարում, մեկը համարում է չգիտեմ՝ ում ընկերուհին, ինձ չի հետաքրքրում՝ ով ինձ ինչ է համարում։ Այո, հարգելի հանրություն, մենք հիվանդ ենք, եթե որևէ ծնող զավակ է կորցրել, չի կարող հիվանդ չլինել։ Աստված չանի, որ որևէ մեկը մեզ երբևէ հասկանա»,- ասաց Կարին Տոնոյանը։




Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից