Ռուսաստանը դադարեցնում է խաղաղության պայմանագրի բանակցությունները Ճապոնիայի հետ՝ ի պատասխան պատժամիջոցների
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ սառեցնում է Ճապոնիայի հետ բանակցությունները խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։ Ֆորմալ առումով երկու երկրները դեռ պատերազմի մեջ են։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով խաղաղության պայմանագիր նրանց միջև չի ստորագրվել, Ճապոնիան հավակնում է նաև չորս հարավային Կուրիլյան կղզիներին: Մոսկվան նաև դադարեցնում է առանց վիզայի ծրագիրը, որը թույլ է տալիս Ճապոնիայի նախկին բնակիչներին պարբերաբար այցելել Ռուսաստանի կողմից վերահսկվող կղզիներ։ ԱԳՆ-ն իր որոշումը բացատրել է «Ռուսաստանի դեմ Ճապոնիայի միակողմանի սահմանափակումների ակնհայտ անբարյացակամ բնույթով»։ Ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի՝ Ճապոնիան պատժամիջոցների մի քանի փուլ է կիրառել Ռուսաստանի և Բելառուսի դեմ՝ նման արևմտյան այլ երկրների պատժամիջոցներին։