Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:56 28-01-2022

Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ, այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, որտեղից և ուղերձ է հղել:

Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:

Այսօր առավոտյան ՀՀ երրորդ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդը ներդրած նվիրյալ զավակների և Հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ․

«Հայոց բանակի օրվա առթիվ իմ ուղերձը այսօր հնչեցնում եմ հայ զինվորի հաղթական ոգու և հայոց ազգային արժանապատվության խորհրդանիշ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից:

Վայր, որտեղ ամեն խորհրդանիշ իր նշանակությունն ունի, որտեղ ամփոփված են ինչպես Սարդարապատի ճակատամարտի, այնպես էլ Արցախյան ազատագրական պայքարի հերոսների աճյուններ, որտեղ թևածող հայոց քաջազունների անմահ հոգիները ուժ, վճռականություն և անսասան հավատ են ներշնչում Հայրենիքի պաշտպանությանը պատրաստ յուրաքանչյուրին: Այստեղ «Սթափեցնող ուժերի» մարմնավորումն է կերտվել՝ որպես զգուշացում թշնամուն, բայց նաև հորդոր մեր ժողովրդին՝ երբևէ զգոնությունը չկորցնելու և սին պատրանքներով ու սուտ խոստումներով կործանման չգնալու: Այստեղ կենաց-մահու պայքարում դարերով կորցրած անկախությունը վերականգնելու, վերարժևորելու, Հայաստանի վերածննդի հաստատումն է և պատգամը՝ վճռական պահին միշտ պատրաստ լինել համախմբված կանգնելու հայ զինվորի կողքին և անհնարին թվացողը կրկին հնարավոր դարձնելու:

Անցած երեք տասնամյակների ընթացքում և´ փառահեղ հաղթանակներ տարած, և՛ վերջին պատերազմում հայրենադավ, վախկոտ ղեկավարների հրամանատարության ներքո ծանր պարտություն տեսած հայոց բանակի հոբելյանի օրը այս հաղթական վայրից կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել բոլոր ժամանակներում Հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին:

Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին: Հավատում եմ, քանի որ ես և իմ բազմաթիվ մարտական ընկերները Շուշիի ու Արցախի այլ բնակավայրերի ազատագրմամբ ականջալուր ենք եղել Սարդարապատի խորհրդին և ուժ առել մեր քաջակորով նախնիների հերոսական սխրանքներից:

Ես հավատում եմ, որ հուշահամալիրի զանգակատան զանգերի ղողանջը դեռ ազդարարելու է նոր հաղթանակի լուրը, և այդ հաղթանակը Հայոց փառապանծ բանակն է կռելու՝ մեր ժողովրդի 30-ամյա զավակը:

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ»:

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
22:39 Բաքվի ներկայիս բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում. իրանագետ
23:04 Արմավիրում ավտոտնակում կայանված «Chevrolet»-ում կրակ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
23:19 Եթե ԱՄՆ-ն խախտի պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ
00:01 «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ պարեկները վնասազերծել են կռվի մասնակիցներին․ կա 5 վիրավոր