copy image url
Խոսք 4 տարի առաջ - 12:48 29-12-2021

Փաշինյանը վերակենդանացնում է մի բան, որը մեր շահերին դեմ է. իրավաբան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր վերջին հայտարարության մեջ շեշտեց, որ միայն Արցախի իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից: Արցախի նախագահը նման հայտարարություն էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օրերս արտահայտած «Արցախն ամբողջությամբ հայկական մնալ չէր կարող» խոսքի համատեքստում: Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Փաշինյանը նման հայտարարություն էր արել՝ ասելով, թե 2018-ին վարչապետի պաշտոնը ստանձնելիս, ասել է, որ առկա բանակցային բովանդակությամբ և իրողություններով` Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե՛ տեսական, թե՛ գործնական հնարավորությունները։

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցում է տարբեր քաղաքական, հասարակական և հանրային գործիչների հետ՝ հասկանալու, թե ի՞նչ կարծիք ունեն նրանք արված հայտարարությունների վերաբերյալ։

Այս անգամ թեմային անդրադարձել է իրավաբան, փաստաբան, ԵՊՀ դասախոս և ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Ըստ իրավաբանի՝ Նիկոլ Փաշինյանը վկայակոչում էր արցախյան հիմնախնդրին առնչվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ դրանք համարելով լուծման հիմք: Որպես միջազգային իրավական փաստաթղթերին ծանոթ մասնագետ կարող կարող եմ ասել, որ ի վերջո, չի կարելի 2021 թվականի իրադարձությունները մեկնաբանել 1993 թվականի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով, որովհետև դրանք տարբեր իրավիճակներ կարգավորող երևույթներ են:

«1993 թվականին դրանք ընդունվել են ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջով: Ոչ մի կարգավիճակի հարց դրանցում առկա չէ: Ոչ մի վեճի լուծման ուղղություն դրանցում առկա չէ: Միջազգային փաստաթղթերում այն, ինչ նշվում է, պետք է հաշվի առնել, թե կոնկրետ ի՛նչ իրադարձության պայմաններում է նշվում: Նույն փաստաթղթերում նաև Արցախի ինքնորոշման իրավունք իրացնող ժողովրդի մասին է խոսքը: Նույն բանաձևերում արտահայտված դիրքորոշումները Ադրբեջանը մինչ օրս չի կարողացել ու ապագայում էլ չի կարողանալու արտահայտել ի վնաս Հայաստանի, եթե Հայաստանի ղեկավարությունն ինքը, որպես վտանգավոր գործիք, իր վրա չկախի:

Այսինքն՝ դրանք միանգամայն այլ հարթություններ են, և այդ բանաձևերում արտահայտած կարծիքները՝ միանգամայն այլ կարծքներ: Ավելին, այդ նույն բանաձևերին կողմ քվեարկած պետությունները հետագայում կազմել են Մինսկի խմբի համանախագահների խորհուրդը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ստեղծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհուրդը, որի միջոցով պետք էր փորձել լուծել Արցախի հիմնախնդիրը, որտեղ քննարկվում էր Արցախի հետագա կարգավիճակի հարցը: Այսինքն՝ այս ամեն ինչը չնկատել ու թշնամական պետության դիրքորոշումներն առաջ քաշել հանուն ինչ-որ արդարացումների, չեմ ընկալում»,- ասաց նա։

Այնուհետև հիշեցրեց, որ իրենք 2019-2020 թթ. սկզբին, երբ խորհրդարանում հանդիպում էին արտգործնախարարության ներկայացուցիչների հետ, ֆորմատի փոփոխության մասին խոսք չկար: Բոլոր փաստաթղթերում եղել է Արցախի ժողովրդի իրավունքի ֆիքսումը: Դա բավարար է, քանի որ դրանով արտաքին ինքնորոշման մասին էր խոսվում, որովհետև բոլորն էլ հասկանում էին՝ Ադրբեջանի կազմում ինքնորոշվելու իմաստ չկա:

Նույն Սովետական Միության տարիներին Արցախը լրիվ ինքնորոշվել էր Ադրբեջանի կազմում, ինչը ներքին ինքնորոշում էր: Բոլորը տեսան, թե ինչ եղավ: Իսկ բանակցային բոլոր փաստաթղթերում, երբ խոսվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին, դա վերաբերում է արտաքին ինքնորոշմանը: Չգիտեմ՝ ինչո՛ւ է պարոն վարչապետը փորձում վերակենդանացնել մի բան, որը մեր շահերին ուղղակիորեն դեմ է: Ես չգիտեմ՝ ինչպե՛ս է նա պատկերացնում խնդրի լուծումը, քանի որ մինչ օրս նրա պատկերացրած լուծումներով մենք միայն վնաս ենք կրել:Նրա կողքին կան բազմաթիվ շատ լավ մասնագետներ, որոնց հետ նա չի խորհրդակցում: Ես ճանաչում եմ այդ մարդկանց և գիտեմ, որ նրանք էլ տանը նստած ինֆարկտ են ստանում, երբ վարչապետը հերթական անգամ նման հայտարարություններով է հանդես գալիս:

Ըստ Սիմոնյանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը տեսականորեն շատ հարցերի կարող է անդրադառնալ: Բայց ԼՂԻՄ-ի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցերին Անվտանգության խորհուրդն անդրադարձել է որպես միջազգային անվտանգության և խաղաղության դեմ սպառնալիք:

Այսինքն՝ ՄԱԿ-ը մտավախություն է ունեցել, որ այդ կոնֆլիկտը կարող է դառնալ միջազգային անվտանգության ու խաղաղության սպառնալիք: Հետևաբար, խաղաղության և անվտանգությանը վերաբերող հարցերով ընդունված բանաձևերը տարածքային հարցեր չեն կարգավորում: Այլ բան է, որ քննարկման առարկան հենց տարածքային հարցը լիներ, և տարածքային հարցի հետ կապված խոսքը հասներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ու Խորհուրդն էլ իր որոշումը տար, ինչպես օրինակ՝ Իսրայել պետության ստեղծման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը: Սա այնպիսի բան է, որ հասկանալու համար իրավական խոր գիտելիքներ պետք չեն:

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա

Ձեզ գուցե հետաքրքրի