Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:17 16-11-2021

Պտղնիի համայնքապետարանում կոռուպցիոն չարաշահումներ են կատարվել

Կոտայքի մարզպետարանի կողմից 2018-2021թթ. ընկած ժամանակահատվածում ՏԻՄ լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական և մասնագիտական հսկողության, հետագայում դրանց արդյունքների կապակցությամբ մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանությունում նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ չարաշահումների վերաբերյալ:

«Մարզի Պտղնիի համայնքապետարանում պաշտոնատար անձանց կողմից նախորդ տարիներին տևականորեն բազմաթիվ առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել: Դրանց վերաբերյալ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում քննվել և քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասով հարուցված 4 քրեական գործ»,- այս մասին գրված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, քրեական գործերից մեկով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ենթակայությամբ գործող «Տրանսգազ» ՍՊԸ Աբովյանի «Գազի ստորգետնյա պահպանման կայանի» անվտանգության գոտիներում` Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող որոշ հողամասերում ՀՀ կառավարության 26.05.1998թ. համապատասխան որոշումներով արգելվել է քաղաքաշինական նպատակներով հողօգտագործումը, ինչպես նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինթույլտվության տրամադրումը:

Մինչդեռ Պտղնի համայնքի ղեկավար Ա. Վ.-ն, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջները, իր պաշտոնավարման ընթացքում այդ հողատարածքների նկատմամբ սահմանափակումների բացակայության վերաբերյալ գրավոր տեղեկանքներ է տրամադրել թվով 15 քաղաքացիների, ովքեր դրանց հիման վրա ստորգետնյա գազի հորի, դրանց կապող բարձր ճնշման գազուղիների անվտանգության գոտիներում կառուցվել են շինություններ, կառուցված ինքնակամ շինություններն ու տարածքները սեփականաշնորհել են:

Այլ ուսումնասիրության առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1,443 հա մակերեսով հողամասը համայնքի ղեկավարի կողմից օտարվել է աճուրդ-վաճառքի միջոցով՝ չնայած վերջինս հանդիսացել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողատարածք:

Ընդ որում՝ գործող համայնքապետի պաշտոնավարման ընթացքում՝ 2012թ. փետրվարին, համայնքի ավագանու որոշմամբ ջրային այդ հողամասի նպատակային նշանակությունը, օրենքով սահմանված ընթացակարգի շրջանցմամբ, փոփոխվել է՝ դարձվելով հասարակական կառուցապատման հողամաս:

Նշվում է, որ մեկ այլ գործով 2013-2016թթ. աճուրդ-վաճառքով օտարվել է տարբեր չափերի գյուղատնտեսական կամ բնակավայրերի նշանակության թվով 10 հողամաս, որոնց մի մասի չափերը չեն համապատասխանել ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին: Առանձին դեպքերում աճուրդի փաթեթից բացակայել է ճարտարապետահատակագծային առաջադրանքը, աճուրդների կազմակերպման համար տրված հայտարարության մեջ չի նշվել օրենսդրությամբ սահմանված՝ աճուրդի անցկացման ձևի և այլ լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն: Հողատարածքների մի մասը աճուրդներով օտարվել է համայնքի ղեկավարի որդիներին:

Պարզվել է, որ աճուրդ-վաճառքի հայտերի գրանցման մատյանում առանձին անձանց անվան դիմաց կատարված ստորագրությունները կեղծվել են: Համայնքի ղեկավարի որդիների հետ աճուրդ-վաճառքին մասնակցելու հայտ ներկայացրած մասնակիցների վերաբերյալ կատարված ստուգմամբ պարզվել է, որ հայտ ներկայացնելու օրը նրանցից ոմանք բացակայել են ՀՀ-ից: Աճուրդներն անցկացվել են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից:

Մեկ այլ քրեական գործի շրջանակներում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ Պտղնի համայնքի ղեկավար Ա. Վ.-ն, դեռևս 2015թ. հոկտեմբերին համայնքի միջոցներով ծառայողական նպատակով ձեռք բերված և իրեն վստահված թանկարժեք բջջային հեռախոսը որոշ ժամանակ անց տվել է որդուն՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով իրեն վստահված համայնքի զգալի չափի գույքը: Ապա հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով դրանից շուրջ մեկ ամիս անց, խախտելով օրենսդրության պահանջները, հաստատելով համայնքապետարանի հիմնական միջոցների խոտանման կեղծ ակտ, որպես հետագա օգտագործման համար ոչ պիտանի, վերանորոգման ոչ ենթակա գույք, ի թիվս այլոց, նշված հեռախոսը դուրս է գրել համայնքապետարանի հիմնական միջոցների հաշվեկշռից՝ այդ կերպ կատարելով պաշտոնեական կեղծիք:

Այս քրեական գործով համայնքի ղեկավար Ա. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել, դատախազության կողմից նրա մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որով դատական քննությունը նախնական փուլում է:

Վերոնշյալ մյուս քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր չարաշահումները լիարժեք բացահայտելու, այն կատարած անձանց գործողություններն իրավական գնահատականների արժանացնելու, համայնքին պատճառված վնասների չափերն ամբողջականացնելու և վերականգնելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
09:00 Ո՞ւմ է պատկանում Ձորաղբյուրի շքեղ առանձնատունը․ «Կալանքի թագուհի» Արուսյակ Ալեքսանյանի մոր պարզաբանումը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
11:30 Տոտալ վերահսկողություն. ՌԴ-ում հեռախոսների IMEI կոդերի միասնական բազա կստեղծվի