Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:29 09-11-2021

Հայաստանում վարելահողերի 50%-ից պակասն է փաստացի մշակվում․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 8-ին մասնակցել է «Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում. հողերի չօգտագործման մարտահրավերը և գյուղատնտեսական ներուժը ֆերմերային կառույցների բարելավման միջոցով հզորացնելու հնարավորությունը» խորագրով միջազգային համաժողովին:

Միջոցառմանը նաև մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը և Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության հարցերով խորհրդական-նախարար Ֆրենկ Հեսսը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հողերի չօգտագործման խնդրի լուծման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում՝ գյուղացիական տնտեսությունների բարելավման ու հողօգտագործման ձևերի կատարելագործման ուղղությամբ․

«Այսօր Հայաստանում վարելահողերի 50%-ից պակասն է փաստացի մշակվում, և կառավարության նպատակն է հողային բարեփոխումների արդյունքում 5 տարի անց այդ ցուցանիշը հասցնել 70%-ից ավելիի, գրեթե կրկնապատկել միջին գյուղացիական տնտեսության եկամուտների չափը, շեշտակի բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը և հնարավորություն տալ, որ ինստիտուցիոնալ ներդրողները կարողանանան մուտք գործել ոլորտ և հետաքրքրված լինեն այս ոլորտով։ Մեր հողային բարեփոխման հիմքում ընկած է գաղափարը՝ ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ կկարողանան օգուտ ունենալ և կշարունակեն զբաղվել այդ գործով», – նշել է Վահան Քերոբյանը։

Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն իր խոսքում նշել է․ «Համաժողովի նպատակն է պետական և ոչ պետական դերակատարների շրջանում մեծացնել հողային բարեփոխումների օրակարգի հիմքերի վերաբերյալ իրազեկման մասշտաբները, նպաստել քաղաքական երկխոսության զարգացմանը և որոշել հետագա անելիքները։ Չափազանց կարևոր է երկխոսության մեջ ներգրավել միջազգային զարգացման կազմակերպություններին և ձեռք բերել համաձայնություն՝ հողային բարեփոխումների օրակարգի շուրջ համագործակցության ու գործընկերության վերաբերյալ»։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը միջոցառման ընթացքում հանդես է եկել «ՀՀ-ում հողային բարեփոխումների անհրաժեշտությունը և հայեցակարգային մոտեցումները» վերնագրով զեկույցի ներկայացմամբ։ Մասնավորապես, ելույթում նշվել է, որ հողային բարեփոխումների շրջանակում 2020 թվականին ընդունվել է հայեցակարգ, որով նախատեսված միջոցառումների մի մասն արդեն իրականացվել են։ Զեկույցում Արման Խոջոյանը նաև անդրադարձել է հայեցակարգի շրջանակում իրականացված օրենսդրական փոփոխություններին, որոնք վերաբերում են հողի նպատակային նշանակության փոփոխմանը և չօգտագործվող հողերի դասակարգման չափանիշներին։

Արման Խոջոյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են մոտ 2043 հազ. հա, որից շուրջ 51%-ը արոտավայրեր են, իսկ վարելահողերը կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերի 22%-ը։ Փոխնախարարը նշել է, որ վարելահողերի օգտագործման մակարդակն ավելի բարձր է հատկապես Արարատի և Արմավիրի մարզերում, մինչդեռ Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերում այդ ցուցանիշը դեռ ցածր է։ Միաժամանակ, Արման Խոջոյանն ընդգծել է, որ վարելահողերի օգտագործման ավելացման խնդիրն առկա է հանրապետության բոլոր մարզերում։

Միջոցառման ընթացքում պետական մարմինների, գիտակրթական շրջանակների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և ոլորտի փորձագետները քննարկել են Հայաստանում հողերի չօգտագործման հիմնախնդիրի լուծման ուղիները և գյուղացիական տնտեսությունների կառուցվածքը բարելավելու հնարավորությունները։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում ընթանում է հողային բարեփոխումների օրակարգի վերաբերյալ ազգային համաձայնության ձևավորման գործընթաց։ Հողային բարեփոխումներին միտված ազգային համաժողովն այս գործընթացի շարունակությունն է:

Համաժողովը կխթանի համագործակցությունն ու համակարգումը, ինչպես նաև կնպաստի Հայաստանում հողային բարեփոխումների շարունակական գործընթացի բարձր մակարդակի հանձնառությանը։

2019 թ. նոյեմբերին ՊԳԿ-ն մեկնարկել է հողերի կառավարման գործիքների և ինստիտուցիոնալ դաշտի ստեղծման տեխնիկական աջակցության ծրագիր՝ աջակցելու ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը կարգավորիչ դաշտի ձևավորման և հողերի կառավարման գործիքակազմի ներդրման հարցերում։ Նպատակը՝ գյուղատնտեսական հողերի չօգտագործման հիմնախնդրի լուծումն էր և գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի բարելավումը՝ նվազեցնելով հողերի մասնատվածությունը՝ խթանելով կամավոր հիմունքներով գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացը։

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն
17:25 Միտում չկա․ 44-օրյայի հերոսի նկարը մաքրվել է բարեկարգման ծրագրի շրջանակում
18:30 Ֆինանսական թռիչք. Սեդա Սաֆարյանի ամուսնու եկամուտները
20:06 Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
19:17 ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
22:43 Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ. Արման Թաթոյան