Սպորտ
1 ժամ առաջ
Արտաքին
Միտք
1 ժամ առաջ
Արայիկ Հարությունյանը, որ 2018- 2020 թթ. ՀՀ կրթության և գիտության, ապա ԿԳՄՍ նախարարն էր, պաշտոնավարման տարիներին այդպես էլ ոչ մի բովանդակային հարցի չանդրադարձավ, որեւէ խնդիր չլուծեց: Նա մարդկանց հիշողության մեջ մնաց իր հայտնի մականունով, անգլերենի ուսուցչին ծաղրելու փորձով և տրանսգենդեր Կարաբինային աշխատասենյակում հյուրընկալելով:
Եվ երբ 2020 թ. նոյեմբերի 24-ին նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, հետագայում էլ աշխատակազմի ղեկավար, նախարարությունում շատերը սկսեցին թեթեւացած շունչ քաշել՝ թե վերջապես պրծան նրանից: Բայց ձախողված էքս-նախարարը հաջողված «գործակալներ» ուներ եւ ունի նախարարությունում, որոնք իր ցուցումով ողջ օրվա ընթացքում նրան տեղեկություններ են տրամադրում, թե ով ինչ է «շնչում», ընդ որում՝ տեղեկությունները վերաբերվում նաեւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին ու նրա մամուլի քարտուղարին: Ի դեպ, նախարարությունում պարգեւավճար ստացողների մեծ մասը հենց «գործ տվողներն» են: Նրանք փութաջանորեն հետեւում են, թե ով ինչ գրառում կատարեց, ինչ լուսանկար հրապարակեց կամ ինչու «չլայքեց» վարչապետին:
Այդ պատճառով ոմանք նույնիսկ ապաակտիվացրել էին իրենց ֆեյսբուքյան հաշիվները՝ չթիրախավորվելու համար, քանի որ չէին ցանկանում ոչ հաճելի գրառումներ հավանել կամ կիսել: Բացի դրանից, Արայիկ Հարությունյանի մարդիկ այժմ ավելի լավ են տեղավորվել նախարարությունում, ինչը նպատակային է: Մասնավորապես, նրա նախկին օգնական Արման Ադրիկյանը, որը բանակից ազատվել էր գիտության հիմքով եւ մի հարցազրույցում արդարացել, թե երեկոյան 6-ից հետո գիտությամբ է զբաղվում, այժմ դարձել է Վահրամ Դումանյանի խորհրդականը, իսկ երբեմնի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, որը նախկինում ընդամենը ցրիչի գործառույթ ուներ, դարձել է նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ: Կարճ ասած՝ Արայիկ Հարությունյանը նաեւ նման մարդկանց միջոցով հեռակա հետեւում է նախարարության անցուդարձին ու Վահրամ Դումանյանին, որը լուրջ տարաձայնություններ ունի փոխնախարար ժաննա Անդրեասյանի հետ: Նախարարությունում «սեւ» հումոր են անում. «Որ հոգի կանչենք, Արայիկ Հարությունյանի հոգին կգա»:
Արեգ Արեւյան