copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:30 12-08-2021

ԱԺ նախագահը հանդիպել է խորհրդարանում քրդական համայնքի ներկայացուցչի հետ

Օգոստոսի 12-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է պատգամավոր, խորհրդարանում քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում ապրող քրդական համայնքի խնդիրներին: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ նախատեսում է առաջիկայում հանդիպումներ ունենալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ տեղում ծանոթանալու նրանց խնդիրներին և աջակցելու դրանց լուծմանը:

Կնյազ Հասանովը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին՝ թե՛ իր, և թե՛ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու ցանկություն հայտնելու համար, ինչը, ըստ պատգամավորի, վկայում է Ալեն Սիմոնյանի՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հատուկ ուշադրության և վերաբերմունքի մասին:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին՝ համայնքի բարձրացրած խնդիրներին ժամանակին արձագանքելու համար, ինչի ապացույցն են արդեն վերանորոգված մի շարք ճանապարհներ»,- ընդգծել է Հասանովը: