Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:00 14-06-2021

Պահն օրհասական է, մարտահրավերները` բազմաշերտ ու վտանգավոր. ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կաջակցի Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրապարակել է ուղերձը, որում աջակցություն է հայտնել «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին:

Ուղերձում ասված է.

«2021թ. հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները չափազանց կարեւոր են Հայաստանի ապագայի համար: Պատերազմի հետեւանքով մեր երկիրը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, որի ընթացքը կասեցնելն այսօր հրատապ է։

Պետք է փաստել, որ`

բանակի մարտունակությունն էապես նվազել է, խարխլված է Հայաստանի ու Արցախի անվտանգության ողջ համակարգը,

ավելացել են լրջագույն սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են բոլոր հնարավոր ռեսուրսների մոբիլիզացիա,

հասարակությունում առկա ներքին պառակտվածությունը, գրգռվածությունը, ապատիան ու պասիվությունը քայքայիչ ազդեցություն ունեն հասարակության ու պետության զարգացման վրա,

առկա է պետության դերի աղավաղում, քաղաքական դիսկուրսը իջեցված է կենցաղային մակարդակի, պետական համակարգը գործում է իմպուլսիվ եւ ոչ համակարգային,

ունենք սփյուռքի հետ հարաբերությունների, արժեքային համակարգի եւ ազգային գաղափարախոսության ճգնաժամ,

բազմաթիվ այլ խնդիրներ:

Պահն օրհասական է, մարտահրավերները` բազմաշերտ ու վտանգավոր, իսկ լուծումները` սահմանափակ ու բարձր պրոֆեսիոնալիզմ պահանջող:

Պետք է`

արագորեն վերականգնել մեր անվտանգության համակարգը,

մեր երկրում ու տներում հաստատել հանդուրժողականություն եւ հանգստություն,

արտաքին քաղաքական հարաբերություններում ունենալ կանխատեսելի եւ վստահելի գործընկերոջ համբավ,

իրականացնել արդյունավետ հակաճգնաժամային քայլեր` բարեկեցիկ կյանքի նախադրյալներ ստեղծելու համար,

վերագործարկել պետական արդյունավետ կառավարման համակարգը,

վերանայել սփյուռքի հետ հարաբերությունները` լոկ օգնողից այն վերածելով լիարժեք գործընկերոջ ու հայկական շահի լոբբիստական կենտրոնի:

Մեր այսօրվա իրականությունն ականապատված դաշտ է, որով երկիրը պետք է անցնի։

Շրջանցելու հնարավորություն գոյություն չունի։

Անհրաժեշտ է այդ ճանապարհը անցնել հնարավորինս արդյունավետ ու նվազագույն կորուստներով:

Անհրաժեշտ է գիտակցել յուրաքանչյուր սխալի գինը եւ արկածախնդրության գնալու անթույլատրելիությունը։

Դա կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանը։ Պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում, ինչպես նաեւ մրցակցային ու բազմամշակույթ գործարար միջավայրում կուտակած փորձի եւ ղեկավարին անհրաժեշտ անհատական ու կառավարչական հատկանիշների համադրությունը նրան թույլ են տալիս պրոֆեսիոնալ թիմ ձեւավորելով երկիրը հանել ճգնաժամից եւ տանել դեպի բարեկեցիկ ապագա։

Նա կստեղծի միջավայր, որտեղ առավելագույնս կիրացվի մեր հասարակությունում առկա պոտենցիալը եւ կունենանք ազգային, ժամանակակից, ռացիոնալ եւ արդյունավետ պետություն։

Առաջարկում եմ անպայման գնալ քվեարկության, մեկ անգամ եւս սթափ մտածել` ինչ իրավիճակում ենք գտնվում, ինչպիսի մարտահրավերներ ունենք եւ որն է այն թիմը, որը կարող է դիմակայել դրանց` երկիրը տանելով զարգացման։

Խաղաղություն ու տրամաբանություն մեր երկրին, բոլորիդ լավ տրամադրություն` որքանով այն հնարավոր է այսօրվա իրավիճակում»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել