Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:48 29-05-2021

Իմ գնահատմամբ՝ մենք շատ արագ դեէսկալացիայի հնարավորություն ունենք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Նորք-Մարաշի նախընտրական շտաբում է:

Կուսակցության համակիրների հետ զրույցում Փաշինյանը նշեց, որ ոչ մի տրամաբանության մեջ չէր մտնում, որ պատերազմից հետո Կառավարությունը կկարողանա պահպանել իր դիրքերը, խորհրդարանական մեծամասնությունը կկարողանա պահպանել իր դիրքերը: Քաղաքագիտական վերլուծություններ են արվում, թե ինչպես դա տեղի ունեցավ:

«Դրա բացատրությունը գուցե այնքան էլ քաղաքագիտական չէ: Իմ համոզմունքն այն է, որ դրա համար վճռական գործոն է դարձել այն էմոցիոնալ և հոգևոր կապը, որ գոյություն ունի քաղաքացիների և Կառավարության միջև»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձավ ամենահրատապ խնդիրներին՝ նշելով, որ առաջնայինը հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակն է:

«Իմ գնահատմամբ՝ մենք շատ արագ դեէսկալացիայի հնարավորություն ունենք: Վերջին օրերին մեր մի շարք գործընկերներ հանդես են եկել հայտարարություններով: Եվ ես ուզում եմ մեր բոլոր միջազգային գործընկերներին շնորհակալություն հայտնել իրավիճակին այդպիսի ուշադրությամբ հետևելու համար, շնորհակալություն հայտնել ՌԴ մեր գործընկերներին, Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին, Հնդկաստանին, Եվրախորհրդարանին, Կանադային, մյուս երկրներին, որոնք արձագանքել են:

Բայց ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ երեկ տարածած հայտարարությանը: Ողջունում եմ այդ հայտարարությունը, և այնտեղ ներկայացված քայլերի տրամաբանությունը սկզբունքորեն, ըստ էության, ընդունելի է մեզ համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել, որ անհետաձգելի քայլեր ձեռնարկվեն սահմանային լարվածությունը նվազեցնելու համար: Առաջարկվել է, որ կողմերը իրենց զորքերը հետ քաշեն: Եվ այս համատեքստում է արված հայտարարությունը անհետաձգելի քայլերի մասին:

Եվ շարունակությունը կարևոր է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աջակցությամբ իրականացնել սահմանային կետերի ճշգրտման աշխատանք՝ դեմարկացիա, դելիմիտացիա: Ուզում եմ հավաստել, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է գնալ այդ ճանապարհով, և մենք պատրաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերի հետքաշման գործընթացը: Սպասում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեն Ադրբեջանի հետ, որպեսզի միաժամանակ սկսենք զորքերի հետքաշումը: Խոսքը, մասնավորապես, Սոթք-Խոզնավար հատվածի մասին է: Մենք պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո սկսել հենց այդ հատվածից սահմանային կետերի ճշգրտման աշխատանքները և իհարկե պատրաստ ենք համանախագահության շրջանակներում լիարժեք վերականգնել բանակցային գործընթացը՝ Ղարաբաղի հարցը կարգավորելու նպատակով»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ հայտարարության մեջ անդրադարձ կար նաև գերիների խնդրին, ասվում էր, որ պետք է գերիները վերադարձվեն: Փաշինյանն անդրադարձավ նաև ՊՆ հայտարարություններին՝ ողջամիտ ժամկետում զորքերը դուրս չբերելու դեպքում մեր սահմանի պահպանության համար համապատասխան օպերացիա իրականացնելու մասին:

«Քանի որ համանախագահող երկրներն առաջարկել են հրաժարվել ուժի կիրառման կամ դրա սպառնալիքից այս խնդրի լուծման համատեքստում, և քանի որ այդ մոտեցումը համահունչ է մեր պատկերացումներին, ուզում եմ ասել, որ ամբողջությամբ ընդունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկները, որոնք ձևակերպված են երեկ տարածված հայտարարությամբ»,- հավելեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը