latest_news
copy image url
Ներքին 9 часов назад - 12:26 09-09-2026

Երեկ Գեղարքունիքում ձերբակալված ԿԳՄՍ վարչության պետին և դպրոցի տնօրեններից մեկին կալանավորել են

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿԳՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, ով ձերբակալվել էր երեկ, կալանավորվել է։

Վերջինս մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու մեջ։

Նրանից զատ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ձերբակալվել են նաև մարզի մի շարք դպրոցների տնօրեններ, որոնցից մեկը ևս կալանավորվել է։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված անձանցից 3-ի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետի և դպրոցի տնօրեններից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը: Մնացած մեղադրյալների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ:

Նշենք, որ Զազյանը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնում նշանակվել է դեռևս 2018 թվականի մարտի 30-ին և այդ պաշտոնը զբաղեցնում է ավելի քան ութ տարի։