latest_news
copy image url
Միտք Ներքին 5 часов назад - 20:00 03-07-2026

Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հունիսի 7-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը շարժվում է ոչ թե հասարակությանը համախմբելու, ջրբաժանները վերացնելու, այլ՝ ճիշտ հակառակ ուղղությամբ։

Լավատեսները հույս ունեին, որ վերընտրվելուց հետո Փաշինյանը կհրաժարվեր իր քաղաքական հակառակորդների նկատմամբ կոշտ հռետորաբանությունից, որը նա լայնորեն կիրառում էր նախընտրական քարոզարշավի ժամանակ, իսկ քաղաքական պայքարը կտեղափոխվեր խորհրդարանական և հանրային բանավեճի հարթություն։

Փոխարենը վերջին շաբաթներին հանրությունը ականատես է լինում, որ տարբեր տիպի ճնշումների, այդ թվում՝ կալանավորումների ու ազատ խոսքի սահմանափակումների, են ենթարկվում ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հակառակորդները, այլև ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներն ու փորձագետները։ Այսօր առավոտյան այդ շղթային ավելացավ ևս մեկ դրվագ․ իրավապահները խուզարկություն իրականացրին քաղաքագետ, ԲՀԿ պատգամավորության թեկնածու Երվանդ Բոզոյանի բնակարանում։ Վերջինս այս պահին ձերբակալված չէ, մեղադրանք չի առաջադրվել, սակայն քննիչներն առգրավել են նրա հեռախոսը։ Թեպետ գործի մանրամասները դեռ ամբողջությամբ հայտնի չեն, սակայն փաստն ինքնին հերթական անգամ ուշադրություն է հրավիրում այն իրողության վրա, որ ընտրություններից հետո իրավապահների հիմնական թիրախում հայտնվել են իշխանության ընդդիմախոսները։

Նկատենք՝ Բոզոյանի դեպքը եզակի չէ․ ընտրություններից անմիջապես հետո քրեական գործեր հարուցվեցին ընդդիմադիր 3 խոշոր ուժերի առաջնորդների՝ Նարեկ Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, արգելվեց նրանց ելքը Հայաստանից։ Բացի այդ, կալանավորվեց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ձերբակալվեց, ապա ազատ արձակվեց, սակայն սահմանափակվեց նրա ազատ խոսքի իրավունքը։ Կալանավորվել են նաև բազմաթիվ այլ ընդդիմադիր քաղաքական գործիչներ ու ակտիվիստներ, որոնց անունները դեռ երկար կարելի է թվել։

Հասարակության մի մեծ հատվածի մոտ այս ամենի հետևանքով տպավորություն է ստեղծվում, որ ընտրություններից հետո իշխանությունները կենտրոնացել են քաղաքական ընդդիմախոսներին մեկ առ մեկ չեզոքացնելու վրա։ Ժողովրդավարական պետություններում, որոնցից մեկն էլ, ՔՊ-ականների պնդմամբ, Հայաստանն է, ընտրությունները սովորաբար վերջ են դնում ներքաղաքական լարվածությանը, և մարդիկ աստիճանաբար վերադառնում են իրենց կյանքի բնականոն հունին։ Հաղթանակ տարած առաջնորդը՝ անկախ նրանից, թե ձայների ինչպիսի հարաբերակցությամբ է այդ հաղթանակն արձանագրվել, սկսում է համախմբել հասարակությանը՝ հայտարարելով, որ ինքը բոլորի առաջնորդն է և ոչ թե միայն այն քաղաքացիներինը, որոնք ընտրություններում իր օգտին են քվեարկել։

Հայաստանում պատկերը տրամագծորեն հակառակն է։ Դեռ ընտրությունների գիշերը, երբ ձայների ընդամենը 10 տոկոսի հաշվարկից հետո Նիկոլ Փաշինյանն իրեն հաղթող հռչակեց, նա իր հետընտրական առաջին ասուլիսում խոսեց ընդդիմադիրներին ջախջախելու մասին, նմանատիպ շեշտադրումներ տեղ գտան նաև նրա հաջորդ ուղերձներում։

Փաշինյանի ելույթներին հաջորդած խուզարկությունները, ձերբակալությունները, քրեական հետապնդումները և այլ սահմանափակումների համադրությունը, փաստում է, որ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վստահ չէ իր հաղթանակի մեջ և նման ռեպրեսիվ մեթոդներով է փորձում ամրապնդել իր իշխանության հիմքերը։ Քաղաքականապես վստահ դիրքեր ունեցող իշխանությունը սովորաբար նախընտրում է մրցակցել ընդդիմության հետ քաղաքական հարթությունում, այլ ոչ թե ստեղծել այնպիսի իրավիճակ, որը հանրության մի մասի կողմից կարող է ընկալվել որպես ընդդիմության նկատմամբ ուժեղացված ճնշում։

ՔՊ-ում չեն գիտակցում, որ կոշտ ռեպրեսիաները հակառակ ազդեցությունն են ունենալու։ Մեծ հավանականությամբ, այս ամենը Նիկոլ Փաշինյանից դժգոհ, բայց ընդդիմադիր 3 առանցքային ուժերի հետ էլ հույսեր չկապող քաղաքացիներին դրդելու է հաջորդ ընտրություններում հենց այս ուժերի օգտին քվեարկել։ Այս ընտրազանգվածը գումարվելու է ընդդիմադիր 3 ուժերի ստացած ավելի քան 560 հազար ձայներին և հանգեցնելու է իշխանափոխության, որի հիմքում ընկած է լինելու բացառապես Նիկոլ Փաշինյանից ձերբազատվելու անհրաժեշտությունը։ Համեմատելով վերջին երկու ընտրությունների արդյունքները՝ նկատելի է, որ այս քաղաքացիների թիվը տարեցտարի աճում է և շուտով գերազանցելու է ՔՊ-ի ընտրազանգվածին։

Իհարկե, ՔՊ-ականները պնդում են և էլի կպնդեն, որ որևէ անձ չի հետապնդվում իր քաղաքական հայացքների համար, իսկ իրավապահ մարմիններն առաջնորդվում են բացառապես օրենքով, սակայն որքան երկար շարունակվեն ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող այս գործողությունները, այնքան ավելի դժվար կլինի փարատել հասարակության կասկածները։

Կարճ ասած՝ ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումները Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորումներն են։ Փաշինյանը լավ գիտի, թե ինչ ճանապարհով է վերարտադրվել, իշխանությունը կորցնելու իրական վախեր ունի, ուստի ռեպրեսիաներով փորձում է չեզոքացնել դրանք ու ամրապնդել իր իշխանության հիմքերը, որոնք զրկվել են 2018 թվականից հետո ունեցած լեգիտիմության աննախադեպ պաշարից։

Մեծ հավանականությամբ, այս ամենը հակառակ արդյունքն է ունենալու և անխուսափելիորեն հանգեցնելու է իշխանափոխության, ինչին, առնվազն այս պահի դրությամբ, ՔՊ-ի շարքերում պատրաստ չեն։

Դատելով այս ամենից՝ կարող ենք առնվազն ենթադրել, որ հաջորդ ընտրությունները լինելու են արտահերթ՝ 2031 թվականից շատ ավելի շուտ և բոլորովին անկանխատեսելի արդյունքով...


Most Viewed

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
08:28 Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում. Ժողովուրդ
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
09:51 Պայթյուն, հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ 3 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն