latest_news
copy image url
Ներքին 4 часа назад - 14:30 29-06-2026

Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի՝ Ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման վրա։

Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախագծին։

«Երբեք ուշ չէ ճիշտ բան անել,- հայտարարել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը և հավելել,- Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»։ Ավելի վաղ վարչապետ Նեթանյահուն հայտարարել էր, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։

Հայտնի է, որ Իսրայելը, հրեական լոբին, հրեական ավանդույթներ ունեցող մի շարք հին կառույցներ ազդեցություն ունեն գլոբալ քաղաքականության վրա։ Եվ այս առումով ենթադրելի է, որ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կզսպի Թուրքիայի հակահայ նկրտումները։ Հնարավոր է՝ կմեծանա միջազգային ճնշումը նաև Ադրբեջանի վրա՝ ստիպելով նրան դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից։

Լավատեսները նույնիսկ հույս են տածում, թե Իսրայելի ճանաչումից հետո ռեալ կմեծանա միջազգային ճնշումը Թուրքիայի վրա այս հարցում։ Եվ Անկարան ստիպված կընդունի, որ մարդկության դեմ հանցագործություն է կատարվել 1915-ին։ Դրանից հետո չի բացառվում, որ Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունից տուժածների ժառանգների իրավունքները։ Այսինքն՝ հայերը Թուրքիայի այդ գավառներում գործունեություն ծավալելու, սեփականություն ձեռք բերելու արտոնություններ կստանան և այլն։

Ենթադրելի է, որ Իսրայելի ճանաչումից հետո կփոխվի նաև Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Ցեղասպանության վերաբերյալ։ Դրա միջազգային ճանաչումը կրկին կդառնա ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություն։ Այսինքն՝ կստիպեն Փաշինյանին, որ նա Ցեղասպանության միջազգային ճանաչման և տուժածների իրավունքների վերականգնման ջատագովը դառնա, թուրքամետ խաղերից հրաժարվի և այլն։

Իսրայելի կողմից ճանաչումը գուցե դրականորեն անդրադառնա նաև հայ-թուրքական կարգավորման վրա։ Իրանի հետ պատերազմից վախեցած Թուրքիան, հավանաբար, կփորձի բարեկամանալ Հայաստանի հետ, կարագացնի հայ-թուրքական սահմանի բացումը, ՀՀ քաղաքացիներին արտոնություններ կտա և այլն, որպեսզի խուսափի Իսրայելի կողմից ենթադրյալ պատերազմից։ Այս քայլերից հետո փաստացի կվերանա թուրքական վտանգը, անիմաստ կդառնա ՀՀ-ում ռուսական զորքերի տեղակայումը, ռուսական ռազմաբազայի դուրս հրավիրման հարցը կմտնի քաղաքական օրակարգ։ Ռուսների դուրս գալուց հետո ԵՄ-ին միանալու ուղղությամբ ռեալ առաջընթաց կլինի, Հայաստանի համար զարգանալու ռեալ հնարավորություն կբացվի։

Կարճ ասած՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ազդեցություն կունենա տարածաշրջանի քաղաքականության վրա։ Սա հույս է ներշնչում, որ Իսրայելն ու նրա դաշնակից գերտերությունն առաջիկայում կզսպեն Թուրքիայի տարածաշրջանային ագրեսիվ ու հակաքաղաքակրթական նկրտումները, ինչպես զսպեցին Իրանին։ Այս ենթադրյալ պատերազմում ևս ՀՀ-ն դիտորդ է լինելու, սակայն արդյունքում շահելու է, եթե իրականությանը համարժեք վարք դրսևորի և առաջնորդվի ազգային գիտակցությամբ: