latest_news
copy image url
Ներքին Խոսք 4 часа назад - 19:00 23-06-2026

Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Երբ գազը դառնա 600 դոլար՝ 177-ի փոխարեն, կասեն՝ սա ինքնիշխանության գինն է, և մենք պետք է դիմանանք»,– հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ շարունակվող քննարկումներին։

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ նման տնտեսական փոփոխությունների դեպքում հասարակության որոշ հատվածներ կրկին վերադառնան նախկինում կիրառված պարզեցված լուծումներին․ «Կասեն՝ եկեք աթար վառենք, և սա կրկնելու է Վրաստանի, նույն Ուկրաինայի սցենարը»։

Զոհրաբյանը նշել է, որ այսօր հաճախ քննարկվում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, սակայն, ըստ նրա, բացակայում են հստակ այլընտրանքային առաջարկները։ Նա նաև հիշեցրել է, որ շրջանառվում է տեղեկություն, ըստ որի՝ անդամավճարների չվճարման դեպքում Հայաստանը կարող է զրկվել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։

Նրա գնահատմամբ՝ նման զարգացումների դեպքում չի բացառվում նաև Հայաստանի վերջնական հեռացումը ՀԱՊԿ-ից։

«Ես կարծում եմ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից կհեռացվի, որովհետև երկար ժամանակ չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին»,– նշել է նա։

Զոհրաբյանը առանձնացրել է ԵԱՏՄ-ի դերը՝ այն համարելով Հայաստանի տնտեսության համար առանցքային կառույց։ Նրա խոսքով՝ հենց այս անդամակցությունն է, որ ուղղակիորեն կապված է տնտեսական կայունության հետ։

«ԵԱՏՄ-ից դուրս գալը կնշանակի Հայաստանի տնտեսության ուղղակի փլուզում։ ՀԱՊԿ-ը, իմ գնահատմամբ, Հայաստանի համար գրեթե որևէ իրական նշանակություն չունի»,– ասել է նա։

Զոհրաբյանը նաև անդրադարձել է հնարավոր տնտեսական հետևանքներին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համատեքստում։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Հայաստանը կարող է կանգնել ծանր ֆինանսական հետևանքների առաջ։

«Մենք առաջիկայում կարող ենք լսել հայտարարություններ, որ սա ինքնիշխանության գինն է։ Դա կարող է բերել դեֆոլտի և տնտեսության կոլապսի»,– նշել է նա։

Նրա դիտարկմամբ՝ արտաքին քաղաքականության ներկայիս մարտահրավերների պայմաններում Հայաստանը պետք է փորձի վերականգնել նախկին բալանսավորված մոտեցումը՝ արևմտյան և ռուսական ուղղությունների միջև։

«Մինչև 2018 թվականը Հայաստանը կարողանում էր բալանսավորել իր հարաբերությունները։ Այսօր, սակայն, ես ռացիոնալ հնարավորություն չեմ տեսնում այդ հավասարակշռությունը վերականգնելու համար»,– ասել է Զոհրաբյանը։