latest_news
copy image url
Ներքին 1 день назад - 20:00 18-06-2026

Արտագաղթ ՌԴ շուկայից. ինչո՞ւ հայկական ծաղիկն Արցախի ճակատագրին արժանացավ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Ռոսսելխոզնադզորի» կողմից մայիսի 22-ին կիրառված ժամանակավոր սահմանափակումների հետևանքով հայաստանյան ջերմոցային տնտեսությունները հենց այս օրերին կրում են միլիոնավոր դոլարների ուղղակի և անուղղակի ֆինանսային կորուստներ։ Քանի որ ծաղիկը շուտ փչացող ապրանք է, իսկ հունիսը ջերմոցների համար բարձր սեզոն է, իրավիճակն արտադրողների համար վերածվել է ֆինանսական աղետի։

Ի դեպ, հունիս ամսվա համար նախատեսված էր մոտ 10 միլիոն հատ ծաղկի արտահանում։ Այս ծավալների կտրուկ կասեցումը նշանակում է, որ ջերմոցները հենց այս օրերին զրկվում են միլիոնավոր դոլարների ամենօրյա հասույթից, որով պետք է փակեին ընթացիկ ծախսերը։

Հիշեցնենք՝ սույն թվականի հունիսի 4-ին ՀՀ կառավարությունը հրատապ կարգով հաստատեց մի ծրագիր, որով խոստանում է փոխհատուցել (սուբսիդավորել) ջերմոցային ծաղիկների արտահանումը դեպի ԵՄ, Մեծ Բրիտանիա և Կանադա։ Սահմանվել է հստակ գին՝ 37 դրամ յուրաքանչյուր 1 հատ ծաղկի համար։

Տեղական արտադրողներն ընդգծում են, որ այս որոշումը ընդամենը հրդեհը բաժակով հանգցնելու փորձ է։ Սա մեկամսյա ժամանակավոր գործիք է, որը չի լուծում տարեկան շուրջ 53 միլիոն դոլարի հասնող ռուսական շուկայի կորուստը։

Նրանք պարզապես վստահ են, որ խնդիրն ունի քաղաքական դրդապատճառներ։ Այսօր բիզնեսը հայտնվել է կատարյալ փակուղու առջև, քանի որ արտահանման ավելի քան 95%-ը գնում էր ՌԴ։

Երբ խոսքը գնում է հայկական ծագման ապրանքները մոլորակի այլ լանդշաֆտներ տեղափոխելու մասին, պաշտոնյաները մոռանում են հիմնական կանոնը՝ արտահանելը դեռ չի նշանակում վաճառել։ Ինչպես հայտնի ֆիլմում է՝ «չի՜ մերժի տալ, բա յց կտա՞․․․»։ Եվրոպական շուկան կարող է տեսականորեն պատրաստակամություն հայտնել ընդունել հայկական վարդերը, բայց գործնականում այն ձեռնտու պայմաններով իրացնելը մնում է անհնարինության ժանրից։

Այսպիսով, ջերմոցները հայտնվել են փակուղու առաջ. ռուսական կայուն եկամուտը մեկ օրում զրոյացել է, իսկ եվրոպական այլընտրանքը պահանջում է նոր, հսկայական ֆինանսական ներդրումներ, որոնք տնտեսվարողներն այս պահին պարզապես չունեն։

Այստեղ տեղին է զուգահեռներ անցկացնել։ Ինչպես արցախցիները ստիպված եղան լքել իրենց տները իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով, այնպես էլ տնտեսության մեջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացմամբ ծաղիկ արտադրողները «արտաքսվում» են իրենց տարիների ստեղծած տնտեսական շուկայից՝ քաղաքական որոշումների և սահմանափակումների պատճառով։

Այսպիսով փակվում է հայկական ապրանքների ամենամեծ սպառման շուկայի դուռը, և այդ կորուստը կարող է լինել վերջնական ու անդառնալի:

Եվ այնպես չէ, հայ գործարարները Եվրոպայի տեղը չգիտեին․ նրանք վաղուց գիտեին թե՛ Եվրոպայի գոյության, և թե՛ այնտեղի բարձր գների մասին։ Բայց նրանք նաև գիտեին, որ այնտեղ իրենց սպասող չկա։ Ռուսական շուկայից նրանց դուրս մղելով և Եվրոպայի ուղղությունը ցույց տալով՝ իշխանությունները բիզնեսին կանգնեցնում են անիրականանալի պահանջների առաջ։

Ի դեպ, օրեր առաջ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ. «Մեր նպատակը Ռուսաստան արտահանումը դեպի եվրոպական ուղղություն տեղափոխելը չէ»,- ասաց նա։ Սա վկայում է պաշտոնական չկողմնորոշվածության մասին։ Մի կողմից հայտարարվում է այլընտրանքային շուկաներ գտնելու և Եվրոպայի մասին, մյուս կողմից՝ հասկանալով ռուսական շուկայի անփոխարինելիությունը, փորձ է արվում «ետդարձի ճանապարհ» թողնել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի կեսերին Ուկրաինա է հասել հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը։ Խոսքը ընդամենը մեկ-երկու բեռնատարի մասին է, որը չի կարող փոխարինել միլիոնավոր դոլարների հասնող ռուսական շուկային։ Հարց է առաջանում՝ որքանո՞վ է շահավետ ծաղիկ արտահանել պատերազմող մի երկիր,որտեղ ծաղկի սպառումը կրում է խիստ անկայուն բնույթ։

Չմոռանանք նաև, որ Հայաստանի ժամանակակից ջերմոցային համալիրները հիմնականում կառուցված են միլիոնավոր դոլարների բանկային վարկերով, իսկ Կենտրոնական բանկն արդեն իսկ մտահոգություն է հայտնել, որ սա բերելու է գյուղատնտեսական վարկերի չվերադարձման և բանկերի առջև պարտավորությունների կուտակման։

Most Viewed

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
22:52 Աբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել