Մինչ ավտոգիգանտ «Տոյոտա»-ն համաշխարհային շուկայում աստղաբաշխական եկամուտներ է գրանցում, նրա հայաստանյան պաշտոնական ներկայացուցչությունը ֆինանսական զգալի անկում է ապրում։ Համաձայն 2024 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա պաշտոնական հաշվետվության՝ ընկերության հիմնական գործունեության ցուցանիշները բացասական դինամիկա են արձանագրել։
Փաստաթղթի տվյալները հաստատում են ընկերության ֆինանսական հոսքերի կտրուկ կրճատումը։ Ըստ այդ տվյալների՝ «Տոյոտա-Երևան» ՓԲԸ-ի հասույթը 2024 թվականին կտրուկ նվազել է՝ կազմելով 16.8 միլիարդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ ընդամենը մեկ տարի առաջ՝ 2023 թվականին, ընկերության հասույթը կազմել է շուրջ 29 միլիարդ դրամ։

Այսպիսով, ընկերության ֆինանսական մուտքերը մեկ տարում պակասել են ավելի քան 40 տոկոսով։ Սա վկայում է տեղական շուկայում վաճառքի ծավալների էական և տեսանելի նվազման մասին։
Հատկանշական է, որ տեղական այս անկումը տեղի է ունենում ընկերության գլոբալ հաջողությունների ֆոնին։ 2024 թվականի տվյալներով՝ «Տոյոտա»-ի համաշխարհային հասույթը հասել է աստղաբաշխական թվերի՝ կազմելով շուրջ 311 միլիարդ ԱՄՆ դոլար։
Այս ֆոնին հայաստանյան ներկայացուցչության տեսակարար կշիռը գլոբալ ցուցանիշի մեջ չնչին է։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ գործարար Սեդրակ Քոչարյանի հետ կապվող ընկերության հասույթը «Տոյոտա»-ի ընդհանուր համաշխարհային շրջանառության մեջ կազմում է ընդամենը 0.014 տոկոս։
Ակնհայտ է, որ Քոչարյանների ընտանիքի շուրջ ընթացող քաղաքական գործընթացներին զուգահեռ, փոխվում է նաև նրանց պատկանող բիզնեսների ֆինանսական դրությունը։ Թե որքանով է վաճառքների նման էական նվազումը պայմանավորված երկրում առկա տնտեսական վերադասավորումներով, մրցակցության մեծացմամբ կամ այլ գործոններով, դեռևս պետք է պարզել։
Հավելենք, որ փաստաթուղթը պաշտոնապես ստորագրված է «Տոյոտա Երևան» ՍՊԸ տնօրեն Ա․ Մայրապետյանի և փորձագետ հաշվապահ Հ․ Հարությունյանի կողմից։
Oragir.News-ն առաջիկայում կփորձի անմիջապես «Տոյոտա-Երևան» ընկերությունից պարզաբանում ստանալ վաճառքի ծավալների նման անկման պատճառների վերաբերյալ։