Գործազրկությունն ու բնակչության սոցիալական վիճակը շարունակում են մնալ հանրությանը հուզող առանցքային խնդիրներից: Թեև շատերը կարծում են, որ ստեղծված իրավիճակի պատճառը աշխատելու ցանկության բացակայությունն է, մյուսները մատնանշում են ավելի խորքային, համակարգային խնդիրներ:
Oragir.News-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու քաղաքացիների տեսակետը բնակչության ցածր կենսամակարդակի պատճառների վերաբերյալ։ Լրատվամիջոցը փորձել է պարզել՝ արդյո՞ք սոցիալական ծանր վիճակը պայմանավորված է աշխատելու ցանկության բացակայությամբ, թե՞ կան այլ՝ ավելի խորքային պատճառներ։
Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ աշխատատեղերի առկայության դեպքում մարդիկ կաշխատեն, սակայն խնդիրը միայն դրանով չի սահմանափակվում։ Նրա դիտարկմամբ՝ մեկ այլ մարտահրավեր է այն, որ երիտասարդները հաճախ ակնկալում են միանգամից բարձր աշխատավարձ ստանալ։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե մարդկանց մեծամասնությունը վատ է ապրում․ «Աշխատում են, նորմալ ապրում են, երբևէ դժգոհություններ չեմ լսել»։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ աշխատավարձերի խնդիրը շարունակում է արդիական մնալ, քանի որ տեղի է ունենում համատարած թանկացում, մինչդեռ աշխատավարձերը մնում են գրեթե նույն մակարդակին։
Քաղաքացիներից մեկն էլ ընդգծեց, որ աշխատատեղեր, իհարկե, կան, սակայն դրանք հիմնականում կենտրոնացված են Երևանում, իսկ գյուղերում աշխատատեղերը քիչ են կամ բացակայում են։
Մանրամասները՝ տեսանյութում։