Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 16 ժամ առաջ - 20:12 15-09-2026

Սպարտան ժամանել է Երևան լուրջ կորուստներով՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից առաջ

Պրահայի «Սպարտան» արդեն Հայաստանում է և նախապատրաստվում է Եվրոպա լիգայի լիգայի փուլի՝ «Արարատ-Արմենիայի» դեմ չորեքշաբթի կայանալիք հանդիպմանը։ Չեխական լրատվամիջոցներն անդրադարձել են թիմի երևանյան այցին, առկա կադրային խնդիրներին և նախորդ մրցաշրջանի հուշերին։

Բրիան Պրիսկեի գլխավորած թիմը որոշել է փոխել իր սովորական գրաֆիկը և Երևան է ժամանել նախատեսվածից շուտ՝ երկուշաբթի։ Որոշման պատճառը լոգիստիկ է. ավելի քան երեք ժամ տևած թռիչքից հետո մարզչական շտաբը նախընտրել է ֆուտբոլիստներին լիարժեք հանգստի և տեղանքին ադապտացվելու հնարավորություն տալ նախքան կարևոր մրցավեճը։
Չեխական պատվիրակությունը Հայաստան է ժամանել առանց մի քանի առանցքային խաղացողների։ Բացակայողների թվում է անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Վուլվերհեմփթոնից» տեղափոխված աջ պաշտպան Կի-Յանա Հուվերը։ Սպասվում էր, որ նա կլինի հիմնական կազմում, սակայն «Հրադեց-Կրալովեի» դեմ խաղում ֆուտբոլիստը գերբեռնվածություն և կոնքի շրջանում մկանային խնդիր է ստացել։

«Տևական դադարից հետո դա նրա առաջին խաղն էր, ինչը մեծ ծանրաբեռնվածություն էր առաջացրել»,- նշել է Պրիսկեն։

Թիմին չի օգնի նաև կենտրոնական պաշտպան Ադամ Շևինսկին, որը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում ֆրանսիական «Լիոնի» դեմ պատասխան խաղում կարմիր քարտ էր ստացել և այժմ որակազրկված է։ Երևանյան խաղը բաց կթողնեն նաև վնասվածքներ ունեցող մի շարք ֆուտբոլիստներ, որոնց թվում են Էմանուել Ուչենան, Մագնուս Կոֆոդ Անդերսենը, Յակուբ Մարտինեցը, Սիվերտ Մանսվերկը և Օնդրժեյ Պենքսան։

Չեխական պարբերականները հիշեցնում են անցյալ ամառ կայացած դիմակայությունը, երբ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում պրահացիները հաղթահարեցին «Արարատ-Արմենիայի» արգելքը՝ հաղթելով 4:1 և 2:1 հաշիվներով:

«Նախորդ անգամ մրցակիցը մեզ լավ փորձության ենթարկեց: Նրանք լավ մարզիչ ունեն, դարձել են տեղական առաջնության հաղթող, ինչը նշանակում է, որ մեզ կրկին հետաքրքիր հանդիպում է սպասվում։ Նրանք շատ համառ թիմ են»,- ընդգծել է Բրիան Պրիսկեն՝ հարգանքով խոսելով հայկական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի մասին։

Չեխական մամուլն ուշադրություն է հրավիրել նաև մարզադաշտի փոփոխության վրա։ Նախորդ տարի խաղն անցկացվել էր Երևանի մարզաբազաներից մեկում, քանի որ գլխավոր մարզադաշտի խոտածածկը Ջենիֆեր Լոպեսի համերգային ծրագրի պատճառով պատշաճ վիճակում չէր։ Այս անգամ հանդիպումը կկայանա գլխավոր արենայում, ինչը, պրահացիների կարծիքով, դրական կանդրադառնա խաղի որակի վրա։

Armsport

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
17:54 Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է