Ադրբեջանի հաջորդ պահանջը լինելու է, որ այլևս Հայաստանը իբրև ագրեսոր պետություն չպետք է բանակ ունենա. այս մասին տեսանյութում ասել է ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա հիշեցրել է, որ չորս տարի առաջ այս օրը Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունեցանք 224 զոհ, իսկ Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացվեց Ադրբեջանի կողմից։
«Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո։ Հայաստանից 200 քառակուսի կիլոմետր օկուպացվելուց հետո, բնականաբար, Ադրբեջանը չբավարարվեց, և տեղի ունեցավ Արցախի էթնիկ զտումը։ Իսկ 24 թվականին Նիկոլ Փաշինյանը և Ալիևը կրկին ժողովրդին կանգնեցրին երկընտրանքի առջև՝ Տավուշի հատվածներից զիջենք նոր տարածքներ, և Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց՝ եթե չզիջենք, տեղի կունենա պատերազմ... Բոլոր նրանք, ովքեր այս օրերին հայտարարում են, որ չպետք է Հայաստանից նոր տարածքներ զիջվի Ադրբեջանին, այս սպառնալիքների և շանտաժի տակ, և Ադրբեջանի պահանջով չպետք է Հայաստանը ունենա Սահմանադրություն, նրանց Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դուք պատերազմ եք ուզում»,-հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Տեսանյութ: