copy image url
Ներքին 49 րոպե առաջ - 21:19 22-08-2026

Հայ Եկեղեցին և Հանրապետությունը. ընթացիկ առճակատումից անդին - ինքնապահպանումից դեպի պետականություն

Այս հոդվածում արտահայտված տեսակետները պատկանում են բացառապես հեղինակին և չեն ներկայացնում «Զորյան» ինստիտուտի պաշտոնական դիրքորոշումը:

Հայաստանն ապրում է դժվարին ժամանակաշրջան:
Հանրապետության և Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունները դարձել են լուրջ խնդիրների և տարաձայնությունների պատճառ: Քննարկումների առանցքում հավատքն է, ազգային ինքնությունը, քաղաքական իշխանությունն ու Հայաստանի ապագան։

Սա չպետք է վերածել պարզունակ հակադրության՝ իշխանության և Կաթողիկոսի կողմնակիցների ու հակառակորդների միջև: Բուն հարցն ավելի լայն է. ինչպե՞ս կարող են արդի հայկական պետությունն ու դարավոր հայկական կառույցը համագոյակցել այնպես, որ պահպանվի երկուսի արժանապատվությունն էլ և ծառայի համայն հայությանը:

Դարեր շարունակ հայերն ապրել են տարբեր կայսրությունների ու երկրների կազմում: Ռուսաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Օսմանյան Կայսրության և այլ երկրների հայ համայնքները ձևավորել են տարբեր պատմական ուղիներ ու փորձառություն: Նրանց միավորում էին լեզուն, կրոնն ու մշակույթը, սակայն նրանք չունեին միասնական քաղաքական համայնք:
Երբ հայկական պետականություն չկար, Հայ Առաքելական Եկեղեցին դարձավ կենսական կառույց՝ հավատքը, լեզուն, կրթությունը, մշակույթն ու ինքնությունը պահպանելու համար: Եկեղեցու այդ պատմական դերը հնարավոր չէ գերագնահատել:

Սակայն 1991 թվականին Հայաստանի անկախացումը ձևավորեց նոր իրականություն. հայերը վերստին ունեցան ինքնիշխան պետություն: Սա փոխեց Եկեղեցու և հայ ազգային կյանքի միջև հարաբերությունների բնույթը:
Ժամանակակից հանրապետությունը շատ ավելին է, քան սոսկ անվտանգություն ապահովող և հարկեր հավաքող իշխանությունը: Այն ձևավորում է կայուն պետական ինստիտուտներ, որոնք պատասխանատու են հասարակության զարգացմանն ու ինքնապահպանմանը նպաստող բոլոր ոլորտների համար:

Կրթության, մշակույթի, գիտության, տնտեսական զարգացման, սոցիալական ապահովության և ազգային կյանքի այլ ոլորտների նախարարություններն ու պետական հաստատությունները կարող են կառուցել դպրոցներ ու համալսարաններ, աջակցել գիտական հետազոտություններին, պահպանել արխիվներն ու պատմական հուշարձանները, գործարկել թանգարաններ ու մշակութային կենտրոններ, զարգացնել գրադարաններն ու կրթօջախները, պաշտպանել հայոց լեզուն, ինչպես նաև վավերագրել ու ուսուցանել հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը: Դրանք նաև ստեղծում են այնպիսի տնտեսական ու սոցիալական պայմաններ, որոնք թույլ են տալիս ընտանիքներին ու համայնքներին ապրել հայրենիքում և կերտել իրենց ապագան:

Սրանք այնպիսի գործառույթներ են, որոնք Եկեղեցին ի վիճակի չէր իրականացնել նման ծավալներով, երբ Հայաստանը չուներ պետականություն: Եկեղեցին պահպանեց այն, ինչ գոյություն ուներ, մինչդեռ ժամանակակից պետությունն ունի այնպիսի կարողություններ, որոնք թույլ են տալիս զարգացնել, ընդլայնել, կազմակերպել և ազգային ինստիտուտների միջոցով այդ ժառանգությունը փոխանցել սերնդեսերունդ:

Այս պատասխանատվությունը երբեք բացառապես Եկեղեցունը չի եղել:
Եկեղեցին օգնեց պահպանել հայկական ինքնությունը, երբ Հայաստանը չուներ պետականություն: Այժմ պետության պատասխանատվությունն է՝ զարգացնել և պաշտպանել այդ ինքնությունը ժամանակակից պետական ինստիտուտների միջոցով:

Սա չի նվազեցնում Եկեղեցու դերը: Ընդհակառակը, այն Եկեղեցուն հնարավորություն է տալիս կենտրոնանալու այն ամենի վրա, ինչն հոգևոր կառույցն անում է լավագույնս՝ հավատքի, հոգևորականության, բարոյական արժեքների և կրոնական ավանդույթների վրա:

Կաթողիկոսը կարող է լինել աշխարհասփյուռ Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հայերի հոգևոր առաջնորդը՝ առանց դառնալու յուրաքանչյուր հայի քաղաքական ղեկավարը:
Նույն կերպ, Հայաստանի Վարչապետը պետության իշխանության ընտրովի ղեկավարն է: Նա ներկայացնում է պետությունը սահմանադրական համակարգի շրջանակում, սակայն այլ երկրներում ապրող հայերի քաղաքական առաջնորդը չէ:

Ամենակարևորը՝ մենք պետք է տարանջատենք անհատին ինստիտուտից (անձը՝ կառույցից): Անհամաձայնությունը Կաթողիկոսի հետ չի նշանակում անհամաձայնություն Աստծո, քրիստոնեության կամ Եկեղեցու հետ: Եկեղեցու անկախության պաշտպանությունը հակապետականություն չէ: Պետության սահմանադրական իշխանության պաշտպանությունն էլ հակաեկեղեցականություն չէ:

Հասուն հասարակությունը պետք է կարողանա կատարել այս տարբերակումները:
Եկեղեցին պետք է լինի հաշվետու: Նրա ֆինանսները պետք է լինեն թափանցիկ, իսկ հոգևորականները, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, պետք է ենթարկվեն օրենքին:

Սակայն հաշվետվողականությունը քաղաքական վերահսկողություն չէ:

Եթե Եկեղեցու առաջնորդը մեղադրվում է օրենքը խախտելու մեջ, պետք է լինեն ապացույցներ, պատշաճ իրավական ընթացակարգ և անկախ դատավարություն: Կառավարությունը չպետք է որոշի, թե ով է ղեկավարում Եկեղեցին:

Միևնույն ժամանակ, եկեղեցական անկախությունը չի կարող նշանակել անձեռնմխելիություն հանրային օրինական վերահսկողությունից:

Եկեղեցին չպետք է դառնա «պետություն պետության մեջ», իսկ պետությունը չպետք է դառնա Եկեղեցու կառավարող մարմին:

Այս սկզբունքը պետք է գործի անկախ նրանից, թե ով է Կաթողիկոսը կամ Վարչապետը:
Առկա դիմակայությունը չպետք է վերածվի պայքարի, թե ով ում կհաղթի: Հայաստանին անհրաժեշտ է կայուն ինստիտուցիոնալ փոխըմբռնում, այլ ոչ թե ժամանակավոր քաղաքական հաղթանակ:

Եթե գործող ղեկավարությունը կարողանա հասնել նման փոխըմբռնման, դա կլինի լավագույն ելքը: Եթե ոչ, Եկեղեցու ղեկավարության արժանապատիվ փոփոխությունը ի վերջո կարող է անհրաժեշտ դառնալ, սակայն բացառապես օրինական եկեղեցական և իրավական ընթացակարգերի միջոցով:

Նպատակը չպետք է լինի Եկեղեցուն կամ պետությանը տկարացնելը:
Հայաստանին անհրաժեշտ են երկուսն էլ:

Եկեղեցին պահպանեց հայկական ինքնությունը, երբ չկար հայկական պետություն: Հիմա պետության պատասխանատվությունն է ապահովել, որ հայ մշակույթը, լեզուն, կրթությունը, պատմությունն ու ազգային կյանքը կարողանան ծաղկել ինքնիշխան երկրում:

Ապագան պահանջում է, որ երկու հաստատություններն էլ հարգեն և կատարեն իրենց պարտավորությունները:
Եկեղեցին պետք է մնա ամուր հոգևոր տուն աշխարհասփյուռ հայության համար: Պետությունը պետք է մնա ուժեղ, անկախ հայրենիք՝ գալիք սերունդների համար:

Սա է սոսկ պահպանումից դեպի պետականություն անցնելու մարտահրավերը:


Հայ Եկեղեցին և Հանրապետությունը. ընթացիկ առճակատումից անդին - ինքնապահպանումից դեպի պետականություն
Հեղինակ՝ Կ. Մ. Գրեգ Սարգիսյան, Զորյան ինստիտուտի համահիմնադիր և նախագահ


Ամենից շատ դիտված