copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 22:29 20-08-2026

Գյումրիի էլեկտրական ավտոբուսները 2 տարի է՝ երթուղի դուրս չեն գալիս, ԵՄ-ի նվերը վերածվում է ջարդոնի

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին։

Ծրագիրն իրականացվում էր «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) / (ABC.GoV) Alliance for Better City Governance) ծրագրի շրջանակներում, որով նախատեսվում էր Գյումրի ներկրել և շահագործել էլեկտրական ավտոբուսներ։

Դեռևս 2022-ից քննարկումներ կային, իսկ ծրագիրն ավելի գործնական փուլ մտավ 2023-ին, երբ Գյումրին համատեղ էր կառավարվում, և չկար «կառավարման ճգնաժամ»։

Արդեն 2024 թ. օգոստոսին «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակներում Գյումրիին հանձնվել է 5 էլեկտրական ավտոբուս, սակայն նոր փոխադրամիջոցները, ավելի քան 2 տարի անց, դեռևս չեն շահագործվում։

Չնայած Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հայտարարությանը, որ, ինչպես գնացքն է առաջինը մտել Գյումրի, այնպես էլ՝ էլեկտրական ավտոբուսները, գյումրեցիները այդպես էլ չտեսան էկոավտոբուսները, բայց Գյումրիում բոլորը գիտեին ավտոբուսների գույնը և այն, որ դրանք էլեկտրական են։ Ովքեր էլ իրականում չէին տեսել, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի էջում կարող էին տեսնել։ Դա կոալիցիոն կառավարվող քաղաքի ամենամեծ ձեռքբերումն էր, որը մնաց փաստաթղթերի մեջ։

Անցած տարի թեման դարձյալ արդիական դարձավ․ 2025 թ. օգոստոսին Գյումրիի նորընտիր ավագանու նիստում ընդունեց ԵՄ-ի նվերը, բայց դարձյալ ավտոբուսները չշահագործվեցին։ Խնդիրը կապված էր Վանաձորի քաղաքապետարանի հետ։

Oragir.News-ը Գյումրիի քաղաքապետարանից փորձեց պարզաբանում ստանալ։

Քաղաքապետարանից հայտնեցին, որ իրենց կողմից ոչ մի խնդիր չկա, իրենց կողմից ոչ մի պաշտոնյա չի անցնում այդ ծրագրի հետ կապված քրեական գործի շրջանակում։

Պետք է արձանագրել, որ Գյումրիի էլեկտրական ավտոբուսները 2 տարի է՝ երթուղի դուրս չեն գալիս, ԵՄ-ի նվերը վերածվում է ջարդոնի։