copy image url
Արտաքին 12 ժամ առաջ - 11:25 20-08-2026

Դիակների ապօրինի վաճառք Հարվարդում. համալսարանը 53 միլիոն դոլար կվճարի զոհերի ընտանիքներին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հարվարդի համալսարանը կվճարի 53 միլիոն դոլար՝ կարգավորելու համար տուժած ընտանիքների կողմից ներկայացված աղմկահարույց խմբային հայցը, որը կապված է բժշկական դպրոցին նվիրաբերված դիակների ապօրինի վաճառքի հետ։

Ինչպես հայտնում է CBS-ն, Բոստոնի դատարանը նախնական կարգով հաստատել է այս բազմամիլիոնանոց փոխհատուցման համաձայնությունը, որը հաջորդել էր Հարվարդի դիահերձարանի նախկին վարիչ Սեդրիկ Լոջի 2023 թվականի ձերբակալությանը. վերջինս մեղադրվում է ուսումնական նպատակներով հաստատությանը հանձնված մարդկային մարմինները պղծելու և դրանց մասերը սև շուկայում վաճառելու մեջ։

Լոջը 2018–2022 թվականներին Հարվարդի դիահերձարանից վերցրել և վաճառել է նվիրաբերված մարմինների մասեր՝ այդ թվում օրգաններ, ուղեղներ, մաշկ, ձեռքեր, դեմքեր և գլուխներ։ Նա 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, իսկ նրա կինը՝ Դենիզ Լոջը, ստացել է 1 տարի և 1 օր ազատազրկում։

Բացի գումարից, Հարվարդը պետք է հրապարակայնորեն դատապարտի կատարվածը և 2027–2028 ուսումնական տարվանից ստեղծի կրթաթոշակ՝ մարմինները բժշկական կրթությանն ու հետազոտությանը նվիրաբերած դոնորների պատվին։