copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 16:07 15-08-2026

Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Արմավիրի մարզում հայր և որդի հայտնվել են ծայրահեղ ծանր սոցիալական և առողջական վիճակում։ Նրանց պատմությունը ցնցել է համացանցը։ Տարածված տեսանյութում երևում է գետնին պառկած, ծայրահեղ հյուծված վիճակում գտնվող երիտասարդ տղամարդը։

Ըստ տեսանյութի՝ հայրն ու որդին ապրում են ավերակ տան մեջ, որտեղ բացակայում են տարրական կենցաղային պայմանները՝ լույս, ջուր, գազ և սանհանգույց։ Նշվում է նաև, որ նրանք օրերով սնունդ չեն ունեցել և չեն ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն։ Սակայն ընտանիքի պատմության վերաբերյալ նոր մանրամասները ցույց են տալիս, որ նրանք երկար տարիներ նման պայմաններում չեն ապրել։

Ըստ «Հանուն Ձեր Ապագայի» բարեգործական հասարակական կազմակերպության համահիմնադիր Արկադի Կիրակոսյանի՝ ընտանիքի վիճակը կտրուկ փոխվել է վերջին ամիսներին։

Oragir.News-ի հետ զրույցում Արկադի Կիրակոսյանը, որը զբաղվում է ընտանիքի հարցերով, ներկայացրեց իրենց ունեցած նախնական տեղեկությունները։

«Մինչև մայիսի սկիզբը նրանք եղել են բավականին բարեկեցիկ վիճակում, նույնիսկ՝ շատ լավ պայմաններում։ Հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։ Տղան օնլայն խաղերում ամեն ինչ կորցրել է՝ ամբողջ ունեցվածքը վարի է տվել»,- ասաց Կիրակոսյանը։ Նրա փոխանցմամբ՝ ընտանիքում երկու տղամարդ են՝ 75 տարեկան հայրը և 57 տարեկան որդին։

Կիրակոսյանի պատմածի համաձայն՝ ընտանիքի ծանր վիճակի պատճառների շարքում առանցքային դեր է ունեցել որդու՝ օնլայն խաղերում գումարներ կորցնելու հանգամանքը։ «Տղան օնլայն խաղերում ամեն ինչ կորցրել է՝ ամբողջ ունեցվածքը վարի է տվել»,– նշեց նա։

Oragir.News-ը Արկադի Կիրակոսյանից փորձեց պարզել նաև, թե այս պահին որտեղ են գտնվում ընտանիքի անդամները։ Նրա խոսքով՝ 57-ամյա տղամարդուն բժշկական կենտրոնից տեղափոխել են պալիատիվ վերականգնողական կենտրոն, իսկ այնտեղից՝ 8-րդ հիվանդանոց։ «Պապիկի հետ կապված հիմա ճշտումներ ենք անում՝ պարզելու նրա գտնվելու վայրը»,- ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ հայրն ու որդին միասին են եղել, սակայն տարեց տղամարդը հիվանդանոցում չի գտնվել։ Oragir.News-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը փոխանցեց, որ հայրն ու որդին այս պահին հիվանդանոցում են։

Մինչդեռ Oragir.News-ի տեղեկություններով՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդկանց հիվանդանոցից դուրս են բերել՝ նրանց վրայից եկող ուժեղ հոտի պատճառով։ Կոստանյանը, անդրադառնալով հիվանդանոցում նրանց գտնվելու վերաբերյալ հարցին, ասաց․

«Ես ասում եմ՝ հիվանդանոցում են, մնացածը իրավասու չեմ մեկնաբանել։ Ես առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեությունը իրավասու չեմ մեկնաբանել»։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:02 ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը՝ 8 վագոն
18:00 Ընդդիմությունը կաշկանդված է. ինչու է ՔՊ-ն վրդովվում «սրիկայաբար» բառից