copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 21:50 09-08-2026

Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը

Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին պարզաբանում է տարածել Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ․

«Օգոստոսի 7-ին Արմեն Խաչատրյան անունով ֆեյսբուքյան օգտատերը Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ հրապարակում է կատարել՝ «Մշակութային բարբարոսություն Եղվարդում» վերտառությամբ, որում մի շարք իրականությանը չհամապատասխանող պնդումներ ներկայացրել է որպես հաստատված փաստեր, դրանց հիման վրա խոսել «վանդալիզմի», «հանցագործության», «տգիտության» և մարդկանց՝ օրենքով պատժելու անհրաժեշտության մասին։

Քանի որ խոսքը ոչ միայն XIV դարի բացառիկ արժեք ունեցող եկեղեցու, այլև այնտեղ տասնամյակներ շարունակ ծառայություն իրականացնող հոգևորականի և եկեղեցական համայնքի աշխատանքի նկատմամբ հրապարակային մեղադրանքների մասին է, անհրաժեշտ ենք համարում փաստերով պատասխանել հրապարակման բոլոր հիմնական պնդումներին։

Նախ՝ սխալ է հրապարակման առաջին փաստական պնդումը։

Գրառման մեջ նշվում է, որ հրապարակված լուսանկարում Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու «արևմտյան ճակատն է»։ Իրականում լուսանկարում եկեղեցու հարավային ճակատն է։ Եվ սա պարզապես աշխարհագրական ուղղության պատահական վրիպում չէ. այս սխալ նույնականացված ճակատի հիման վրա հետագայում արվում են ճարտարապետական ու մշակութաբանական ծանրակշիռ թվացող «եզրահանգումներ»։

Երկրորդ և ամենակարևոր սխալ պնդումն այն է, թե իբր «եկեղեցու նրբահյուս խաչ-պատուհանը բարբարոսաբար փորել են ու միջից վառարանի ծխատար խողովակ անցկացրել»։

Ոչ, չեն փորել։ Այն, ինչ ներկայացվում է որպես խողովակի համար «փորված» միջնադարյան խաչ, իրականում եկեղեցու ճարտարապետական հորինվածքի մաս կազմող պատուհանային բացվածք է։ Խաչաձև ռելիեֆային հորինվածքի կենտրոնում այդ նեղ պատուհանային բացվածքը գոյություն ունի անկախ որևէ ջեռուցման համակարգից և ծառայում է եկեղեցու առաջին հարկի բնական լուսավորմանը (Նկար N01):

Ավելին՝ նույն կառուցվածքային սկզբունքը հստակ երևում է նաև եկեղեցու հյուսիսային ճակատին, որտեղ որևէ ծխատար խողովակ չկա։ Կից ներկայացվող հարավային և հյուսիսային ճակատների համադրական լուսանկարները (Նկար N02) բավարար են հասկանալու համար, որ խոսքը ոչ թե այսօր «փորված խաչի», այլ եկեղեցու սկզբնական ճարտարապետական հորինվածքում առկա պատուհանային բացվածքի մասին է։

Եկեղեցին գործող է։ Այստեղ մատուցվում են Սուրբ Պատարագներ, ժամերգություններ և կատարվում են եկեղեցական ծեսեր, ուր ամբողջ տարվա ընթացքում գալիս են հավատացյալներ։ Գործող եկեղեցու պատուհանային բացվածքներն ապակեպատված են։ Ջեռուցման համակարգի ծխատար խողովակը չի անցկացվել խաչաքանդակի կամ պատմական քարի միջով և դրանց վրա խողովակի համար անցք չի բացվել։ Այն դուրս է բերված արդեն գոյություն ունեցող պատուհանային բացվածքի՝ ապակեպատված հատվածի վերին մասով։ Կից ներկայացվող մանրամասն լուսանկարները հենց դա են ցույց տալիս (Նկար N03): Ջեռուցումն ապահովում է հատկապես տարվա ցուրտ ամիսներին եկեղեցական արարողությունների իրականացման և եկեղեցի այցելող հավատացյալների համար նվազագույն պայմանները:

Առանձին անդրադառնանք նաև էլեկտրական լարերի մասին պնդմանը։

Հեղինակը լուսանկարում տեսանելի լարերը ևս ներկայացնում է որպես «վանդալիզմի» ապացույց՝ գրելով, թե դրանք կախված են «հինավուրց արձանագրության վրա»։ Լարերի տեխնիկական դասավորության արտաքին տեսքի վերաբերյալ կարելի է ունենալ տարբեր էսթետիկական գնահատականներ, սակայն էսթետիկական գնահատականը չի կարող փոխարինել փաստին։ Ներկայացված լուսանկարը չի վկայում արձանագրության քանդման, փորման, ջնջման կամ որևէ այլ ֆիզիկական վնասման մասին։ Լարի տեսանելի լինելը և պատմամշակութային տարրի վնասումը նույն բաները չեն։

Հրապարակման հեղինակին չհիմնավորված պնդումներ անելուց և որևէ մեկին օրենքով պատժելու պահանջ ներկայացնելուց առաջ հայրաբար հորդորում ենք հատկապես պատմամշակութային և հոգևոր ժառանգության մասին հրապարակումներ կատարելիս նախ ուսումնասիրել փաստերը, անհրաժեշտության դեպքում դիմել ոլորտի մասնագետներին կամ եկեղեցու հոգևոր հովվին՝ ապատեղեկատվություն տարածելուց զերծ մնալու համար։

Սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն պարունակող հրապարակումը»,- ասված է պարզաբանման մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի