Աբու Դաբիի ազգային նավթային ADNOC ընկերությունը հայտնել է, որ անցած շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցում իրեն պատկանող երեք լցանավերի են հարվածներ հասցվել։
Այս մասին գրում է էմիրաթական Khaleej Times թերթը՝ հղում անելով ADNOC-ի հայտարարությանը։
«ADNOC ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ հակամարտության սկզբից ի վեր իրենց 15 նավ Հորմուզի նեղուցով անցնելիս ենթարկվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակման, այդ թվում երեքը՝ այս շաբաթ, ինչի հետևանքով անձնակազմի մեկ անդամ զոհվել է, իսկ 20-ը ստացել են վիրավորում»,-հայտնում է պարբերականը։
Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության դուստր ձեռնարկությունը՝ ADNOC Logistics and Services-ը, հուլիսի 14-ին հայտնել էր Հորմուզի նեղուցում իր երկու՝ Al Bahya և Mombasa B խոշոր լցանավերի գնդակոծման մասին, ինչի հետևանքով մեկ նավաստի զոհվել էր, մի քանիսը վիրավորվել էին։
Դրանից հետո ընկերությանը պատկանող լցանավերի վրա հարձակումների մասին ADNOC-ը պաշտոնապես չէր հայտարարել։