copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 19:25 03-08-2026

Քծնանքից՝ դավաճանություն. Սերգեյ Բագրատյանի քաղաքական դիմանկարը. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Քծնանքից՝ դավաճանություն. Սերգեյ Բագրատյանի քաղաքական դիմանկարը

«Իմ տղային էլ են պառկեցրել գետնին, դա իրավական գործընթաց է»։ Այսպես է նախկին ԲՀԿ-ական, այսօր արդեն ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն արձագանքել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված ուժային գործողություններին։

Սա սոսկ անհաջող ձևակերպում չէ։ Սա քաղաքական արդարացում է այն գործողությունների, որոնց համաչափության շուրջ հանրային լուրջ հարցեր են բարձրացվել։

Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են մի քանի դիմակավորված աշխատակիցներ գետնին պառկեցնում 70-ամյա Ծառուկյանին, ով դիմադրություն չի ցուցաբերում։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ արձանագրել են, որ ուժի կիրառումը կարող է լինել անհամաչափ և նվաստացնող բնույթ կրել։ Երբ իշխանության ներկայացուցիչը տեղի ունեցածը որակում է որպես «իրավական գործընթաց», նա փաստացի լեգիտիմացնում է ուժի գռեհիկ ու ցուցադրական կիրառումը՝ այն ներկայացնելով որպես իրավունքի բնական դրսևորում։

Սակայն Բագրատյանի այս պահվածքն առավել մտահոգիչ է բարոյական տեսանկյունից։

Տարիներ շարունակ նա ոչ միայն ԲՀԿ-ի շարքերում էր, այլև հրապարակայնորեն պաշտպանում էր Գագիկ Ծառուկյանին որպես քաղաքական առաջնորդ։ 2018 թվականին նա Ծառուկյանին անվանում էր «արժանի թեկնածու», էլ չասեմ «հավատարմության ղազագրի» մասին:

Այսօր նույն մարդը ոչ միայն հրաժարվել է նախկին քաղաքական առաջնորդի նկատմամբ տարրական կոռեկտությունից, այլև հրապարակայնորեն արդարացնում է նրա նկատմամբ կիրառված ուժային մեթոդները։

Քաղաքական հայացքներ փոխելը յուրաքանչյուրի իրավունքն է։ Սակայն քաղաքական շահի թելադրանքով սեփական անցյալից հրաժարվելը և երեկվա առաջնորդի նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելը արդեն արժեհամակարգի ու քաղաքական բարոյականության ճգնաժամի դրսևորում է։

Այս պատմությունն ունի նաև մեկ այլ հասցեատեր՝ Նիկոլ Փաշինյանը։
Քաղաքական փորձը բազմիցս ցույց է տվել, որ շահից ելնելով ճամբար փոխած մարդիկ, որպես կանոն, հավատարիմ են ոչ թե գաղափարներին կամ թիմին, այլ տվյալ պահի շահին։ Այսօր ՔՊ-ի շարքերում իշխանությանը ծառայող Սերգեյ Բագրատյանը վաղը, քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում, կարող է նույնքան հեշտությամբ հայտնվել մեկ այլ ճամբարում։

Ավելին՝ նման մարդիկ հաճախ դառնում են ամենաաղմկոտ «նոր հավատարիմները»՝ փորձելով ապացուցել իրենց օգտակարությունը հենց այն մեթոդների արդարացմամբ, որոնք նախկինում կարող էին դատապարտել։

Մինչ այդ Սերգեյ Բագրատյանը պարտավոր է պատասխանել մեկ կարևոր հարցի. ինչպե՞ս ստացվեց, որ իրեն առնչվող քրեական գործից հետո նրա քաղաքական կենսագրությունը կտրուկ փոխվեց, և նա հայտնվեց ՔՊ-ի շարքերում։ Այդ հարցի պատասխանը, թերևս, ավելի խոսուն կլինի, քան նրա այսօրվա ցանկացած հայտարարություն։

Քաղաքական կյանքում ամենամեծ դավաճանությունը սկսվում է ոչ թե ճամբարափոխությունից, այլ սեփական անցյալից հրաժարվելուց և այն արդարացնելուց։

Սերգեյ Բագրատյանի վերջին հայտարարությունը հենց այդ տպավորությունն է թողնում։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:51 Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում նվաճեց արծաթե մեդալ
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին