copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 17:16 03-08-2026

Գերիների, պահվող անձանց հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան


Թե ով պետք է ինձ փոխարինի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, չգիտեմ, չեմ մտածել, եթե կառավարությունը իմ խորհրդի կարիքը ունենա, կքննարկենք, բայց այդ հարցը կառավարության տիրույթում է։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3–ին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հարցին՝ ինչ է պատրաստվում անել որպես ԱԺ նախագահ հայ գերիների վերադարձի ուղղությամբ, Ռուբինյանը պատասխանեց. «Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ գիտեք, որ այդ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է, այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք և այդ աշխատանքը երբեք չի դադարում։

Եղել են ամիսներ, երբ որևէ շարժ չի եղել, էլի քննարկումներ եղել են նրա մասին, որ կառավարությունը բան չի անում, բան չի անում, բայց հանկարծ մեկ էլ մի օր վերադարձել են հերթական գերիները։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ դա հնարավորինս արագ տեղի ունենա, և բնականաբար մենք էլ խորհրդարանական մակարդակում, ինչպես աշխատել ենք այդ ուղղությամբ, այնպես էլ կաշխատենք»։