Ռուսական խոշորագույն առցանց առևտրային հարթակներից մեկը՝ Wildberries-ը, փոփոխություններ է կատարել իր որոնման համակարգում։
Ինչպես հայտնում է Meduza-ն այսուհետ, եթե որոնման դաշտում մուտքագրվի միայն «SVO» (Ռուսաստանում ռուս-ուկրաինական պատերազմի համար կիրառվող պաշտոնական անվանումը) կամ ամեն ինչ SVO-ի համար արտահայտությունը, համակարգը որևէ արդյունք չի ցուցադրում։
Նախկինում այդ որոնումներով հնարավոր էր գտնել ռազմական սաղավարտներ, զրահաբաճկոններ, հատուկ հանդերձանք և թեմատիկ հուշանվերներ։
Միևնույն ժամանակ, ռազմական նշանակության ապրանքները հարթակից չեն հեռացվել։ Վաճառողները շարունակում են առաջարկել առաջին բուժօգնության ռազմական հավաքածուներ, զինվորական ուսապարկեր, ռադիոկապի սարքեր, տարբերանշաններ, դրոշներ և այլ պարագաներ։
Ըստ Meduza-ի՝ Wildberries-ը սահմանափակել է միայն «SVO» կարճ բանալի բառով որոնումը։ Եթե օգտատերը որոնման դաշտում մուտքագրի այլ ձևակերպումներ, օրինակ՝ «SVO ապրանքներ» կամ «SVO իրեր», համակարգը կրկին ցուցադրում է համապատասխան ռազմական ապրանքները։
Այսպիսով, Wildberries-ը տեխնիկական սահմանափակում է կիրառել պատերազմի հետ կապված հիմնական որոնողական բառի նկատմամբ, սակայն ռազմական ապրանքների վաճառքը հարթակում շարունակում է հասանելի մնալ այլ որոնողական ձևակերպումների միջոցով։