Զինված ուժերում վերջին շրջանում արձանագրված ինքնասպանությունների և մահվան դեպքերը կրկին հանրային քննարկումների կենտրոնում են։ Չնայած իշխանությունների հայտարարություններին, թե բանակում իրականացվող բարեփոխումները դրական արդյունքներ են տալիս, ողբերգական դեպքերը շարունակում են մտահոգել քաղաքացիներին։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հետաքրքրվել է՝ ինչո՞ւ, ըստ քաղաքացիների, պետությանը չի հաջողվում կանխել բանակում ինքնասպանություններն ու սպանությունները, և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն իրավիճակը փոխելու համար։ Հարցվածների մի մասը համոզված էր, որ խնդրի արմատը պետության կառավարման և բանակի ղեկավարության մեջ է։ «Պետք է նորմալ պետություն ու նորմալ ղեկավարներ ունենանք, հետո մտածենք՝ ինչ պետք է անել»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մյուսները կարծում էին, որ խնդիրը չափազանց բարդ է և ունի բազմաթիվ պատճառներ։ «Դա շատ գլոբալ հարց է, մասնագետների հարց է, ես չեմ կարող հստակ պատասխանել»,- նշեց մեկ այլ քաղաքացի։ Կային նաև կարծիքներ, որ բանակում անհրաժեշտ է խստացնել կարգապահությունը և վերանայել հրամանատարական կազմը։
«Երևի պետք է ավելի խստացվեն պահանջները, փոխվի անձնակազմը, որովհետև համակարգն ինքնին խնդիրներ ունի»,- ասաց հարցվածներից մեկը։ Մի շարք քաղաքացիներ ընդգծեցին, որ բանակում տեղի ունեցող դեպքերը հասարակությունից առանձին չեն կարող դիտարկվել։
«Պետությունն, իհարկե, դեր ունի, բայց բանակ գնացողներն էլ նույն հասարակությունից են գալիս։ Եթե ընտանիքում, մանկապարտեզում, դպրոցում ճիշտ դաստիարակություն չի տրվում, հետո այդ խնդիրները տեղափոխվում են բանակ։ Դա առաջին հերթին դաստիարակության հարց է»,- ասաց քաղաքացիներից մեկը։ Մյուսները հիշեցրին, որ նման դեպքեր նախկինում ևս եղել են, սակայն այսօր իրավիճակի վրա ազդում են նաև հասարակական փոփոխությունները։
«Սովետի ժամանակ էլ նման դեպքեր եղել են, բայց այն ժամանակ երիտասարդների վերաբերմունքը ծառայության նկատմամբ ուրիշ էր։ Հիմա շատերը չեն ցանկանում ծառայել, ստիպված են գնում, դրա հետևանքով էլ տարբեր խնդիրներ են առաջանում»,- նշեց հարցվածներից մեկը։ Կային նաև կտրուկ գնահատականներ իշխանությունների հասցեին։ «Ո՞ւր է պետությունը, որ կարողանա նման բան կանխել»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի պատճառներից մեկը համարեց վերահսկողության բացակայությունը։ «Ինձ թվում է՝ թույլ վերահսկողությունն է պատճառը, սխալ կադրերը, միգուցե նաև սխալ քաղաքականությունը բանակում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետությունն առաջնային պատասխանատվություն ունի զինված ուժերում անվտանգ միջավայր ապահովելու համար։ Հարցվածների մի մասն էլ համոզված էր, որ բանակը պետք է ղեկավարեն բացառապես փորձառու զինվորականներ։ «Բանակը պետք է ղեկավարեն պրոֆեսիոնալ հրամանատարներ, ոչ թե պատահական մարդիկ։ Դա պետության ամենակարևոր պարտականություններից մեկն է»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Մանրամասները` տեսանյութում: