Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի սեփականատիրոջ փոփոխությունը կարող է կարևոր հետևանքներ ունենալ ոչ միայն Հայաստանի տնտեսության, այլև երկրի անվտանգության և արտաքին քաղաքական դիրքերի համար։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով Թեղուտի հանքի սեփականատիրոջ փոփոխության շուրջ վերջին զարգացումները։
Տնտեսագետի խոսքով՝ եթե հարցը դիտարկվի բացառապես տնտեսական տեսանկյունից, ապա սեփականատիրոջ փոփոխությունն ինքնին արտառոց երևույթ չէ։
«Եթե չհաշվենք, թե որ երկրից է նոր սեփականատերը և ինչ նշանակություն կարող է ունենալ այդ երկրի մուտքը Հայաստան, ապա հանքարդյունաբերության ոլորտում սա սովորական գործընթաց է։ Անկախ նրանից, թե ով է սեփականատերը, բոլորի համար գործում են նույն կանոնները․ ընկերությունը պետք է ունենա հանքի շահագործման լիցենզիա, ներդրումներ կատարի, ապահովի արտադրությունը, ստեղծի և պահպանի աշխատատեղերը, վճարի հարկերը, ինչպես նաև կատարի բնապահպանական վճարներն ու պարտավորությունները»,- ասաց նա։
Սակայն, ըստ Մակարյանի, տվյալ դեպքում կարևոր է այն հանգամանքը, որ նոր ներդրողը ամերիկյան ընկերություն է։
«Հայաստանի անվտանգության տեսանկյունից կարևոր է, որ մեր ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում, այդ թվում՝ հանքարդյունաբերության մեջ, ներգրավված լինեն այնպիսի պետությունների ընկերություններ, որոնք Հայաստանի գործընկերներն են։ Երբ որևէ պետության բիզնես շահերը կապված են Հայաստանի հետ, այդ պետությունը բնականաբար ավելի շահագրգռված է նաև այդ ներդրումների անվտանգությամբ։ Հատկապես եթե խոսքը սահմանամերձ մարզերում իրականացվող ծրագրերի մասին է»,- նշեց տնտեսագետը։
Նրա գնահատմամբ՝ ամերիկյան կապիտալի մուտքը կարելի է դիտարկել նաև աշխարհաքաղաքական համատեքստում։
«Վերջին շրջանում ԱՄՆ-ի հետ ձևավորվում են համագործակցության նոր ուղղություններ՝ կապված հազվագյուտ մետաղների, բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ոլորտների հետ։ Պղինձն այսօր ռազմավարական նշանակություն ունեցող մետաղ է, որն օգտագործվում է ոչ միայն մեքենաշինության և կենցաղային տեխնիկայի, այլև էլեկտրոնիկայի, համակարգչային սարքավորումների և ժամանակակից արդյունաբերության բազմաթիվ ճյուղերում։ Այդ առումով Թեղուտի նկատմամբ ամերիկյան հետաքրքրությունը նաև այս ընդհանուր քաղաքականության շարունակությունն է»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ, տնտեսագետը կարևորում է, թե ինչպիսի ներդրումային քաղաքականություն կորդեգրի նոր սեփականատերը։
«Եթե ամերիկյան ընկերությունը սահմանափակվի միայն հանքաքարի արդյունահանմամբ և արտահանմամբ, էական փոփոխություն չի լինի։ Բայց եթե ներդրումներ իրականացվեն Հայաստանում ավելի խորը վերամշակման ուղղությամբ, ապա ստեղծվող ավելացված արժեքը զգալիորեն կմեծանա։ Այսօր հիմնականում արտահանում ենք կիսավերամշակված հումք, մինչդեռ հնարավոր է արտադրել ավելի բարձր արժեք ունեցող արտադրանք, ինչը կավելացնի ինչպես արտահանման ծավալները, այնպես էլ Հայաստանի տնտեսական շահույթը»,- նշեց Մակարյանը։
Նրա խոսքով՝ նման ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ժամանակակից տեխնոլոգիաներով։
«Խորհրդային տարիներին Ալավերդու պղնձաձուլարանը մեծ արտադրություն ուներ, սակայն այն աշխատում էր բնապահպանական լուրջ խնդիրներ ստեղծող տեխնոլոգիաներով։ Եթե այսօր իրականացվեն նոր ներդրումներ, ապա դրանք պետք է հիմնված լինեն ժամանակակից տեխնոլոգիաների վրա, որոնք կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և կբացառեն նախկինում եղած բնապահպանական խնդիրները»,- ընդգծեց տնտեսագետը։
Անդրադառնալով պետության հնարավոր մասնակցությանը՝ Մակարյանը նշեց, որ գործարքն իրականացվել է ոչ թե Հայաստանի կառավարության, այլ նախկին սեփականատիրոջ կողմից, ուստի պետությունը վաճառքի պահին որևէ պայման չի առաջադրել։
«Եթե վաճառքն իրականացրել է նախկին սեփականատերը կամ բանկը, ապա պետությունն այդ գործընթացում պայմաններ չի թելադրել։ Սակայն դա չի նշանակում, որ այժմ չի կարող բանակցել նոր ներդրողի հետ։ Կառավարությունը կարող է քննարկել պետական մասնակցության տարբերակները կամ առաջարկել համագործակցության այնպիսի պայմաններ, որոնք կուղղվեն ավելացված արժեքի ստեղծմանը, բնապահպանական պահանջների պահպանմանը և աշխատատեղերի ավելացմանը»,- ասաց նա։
Տնտեսագետի կարծիքով՝ պետությունը կարող է նաև քննարկել հանքարդյունաբերության ոլորտում բաժնեմաս ունենալու քաղաքականությունը։
«Հայաստանը կարող է ձևավորել այնպիսի մոտեցում, որի համաձայն ռազմավարական նշանակություն ունեցող հանքերում պետությունը կունենա որոշակի մասնակցություն։ Նման օրինակներ կան նաև Հայաստանում, ուստի այս տարբերակը ևս կարող է քննարկման առարկա դառնալ»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը։