Վերաքննիչ վարչական դատարանը հաստատել է, որ 2024 թվականի համար կարմիր գծերի տեղական տուրքի թանկացումը ոչ իրավաչափ էր։ Սակայն Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է բողոքարկել որոշումը Վճռաբեկ դատարանում և պնդում է, որ փոխհատուցման հարց այս փուլում չի քննարկվում։
Oragir.News-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը հայտնել է.
«Սա 2024 թվականի տեղական տուրքի վերաբերյալ դատական գործն է, որի մասով Վերաքննիչ վարչական դատարանը նոր է որոշում կայացրել։ Այդ որոշման դեմ քաղաքապետարանը բողոք է ներկայացնելու Վճռաբեկ դատարան։ Եվ այս համատեքստում փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող»։
Ավելի վաղ փաստաբան Վահե Գրիգորյանը հայտնել էր, որ Վերաքննիչ վարչական դատարանը ևս հաստատել է՝ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։
«Այսպիսով, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանները եզրափակիչ դատական ակտերով հաստատել են մեր պնդումը, որ ռեժիմը թե՛ 2024, թե՛ 2025 թվականին ոչ իրավաչափորեն է ՀՀ քաղաքացիների համար թանկացրել կարմիր և կապույտ գծանշումներով ավտոկայանատեղիների վճարը»,- գրել էր նա։