Իշխանության ներսում հնարավոր հակասությունների, վերջին փոփոխությունների և երկրում առկա խնդիրների վերաբերյալ
Oragir.News-ը հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում՝ հասկանալու՝ արդյոք նրանք նկատո՞ւմ են իշխանական թիմում տարաձայնություններ։
Որոշ քաղաքացիներ նշեցին, որ իշխանության ներսում հնարավոր «ճաքերի» մասին հստակ գնահատական տալ դժվար է, քանի որ ներքին գործընթացներին տեղյակ չեն։
«Իշխանության ներսում ինչ-որ խնդիրներ կան, թե ոչ՝ մենք չենք կարող ասել։ Դա փակ տարածք է, մենք չգիտենք՝ ներսում ինչ է կատարվում»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով՝ վերջին կադրային փոփոխությունների վերաբերյալ ևս պետք է զգուշավոր լինել։ «Ճիշտ չի լինի կարծիք հայտնել մի բանի մասին, որին ամբողջությամբ տեղյակ չենք»,- ասաց նա։
Միաժամանակ որոշ քաղաքացիներ նշեցին, որ իշխանության ներսում անհանգստություն կամ տարաձայնությունների նշաններ նկատում են։
«Փոփոխությունների մասին չեմ խոսում, բայց կարծես թե ինչ-որ խլրտոց կա։ Կան բաներ, որոնք այսօրվա իրավիճակին ու մարդկանց կյանքին այնքան էլ չեն համապատասխանում»,- նշեց մեկ այլ քաղաքացին։
Նրա խոսքով՝ հասարակությունը տարբեր ոլորտներում բազմաթիվ խնդիրների է բախվում։
«Ուր դիմում ես, ինչ-որ խնդիր առաջանում է։ Թոշակի, առողջապահության, տարբեր հարցերով մարդիկ ստիպված են լինում տարբեր տեղեր դիմել, վճարել։ Շատերը դեռ չեն բարձրաձայնում այդ խնդիրները»,- ասաց նա։
Հարցման մասնակիցներից մեկն էլ նշեց, որ իշխանության ներսում հակասություններ տեսնում է, սակայն դրանք, իր գնահատմամբ, լուրջ բնույթ չեն կրում։
«Հեռուստացույցով նայելիս որոշ բանավեճերում փոքր հակասություններ նկատում եմ, բայց դա սովորական ներքին գործընթաց է»,- ասաց քաղաքացին։
Մեկ այլ քաղաքացի, անդրադառնալով սոցիալական խնդիրներին, նշեց, որ իր հիմնական դժգոհությունը ոչ թե իշխանության ներքին հարաբերություններից է, այլ քաղաքացիների առօրյա դժվարություններից։
«Մեր 85-ամյա տատիկը առողջական խնդիրներ ունի, իսկ շտապօգնության կանչը դարձել է 10 հազար դրամ։ Կուզենայի, որ այդ հարցին ուշադրություն դարձնեն, քանի որ թոշակառուների համար դա մեծ գումար է»,- ասաց նա։
Քաղաքացին նաև անդրադարձավ Երևանի մաքրության խնդրին՝ նշելով, որ որոշ հատվածներում աղբահանության վիճակը բավարար չէ։
«Կոմիտասի հատվածում աղբամանների վիճակը շատ վատ էր։ Կուզենայի, որ քաղաքային մաքրությանը ավելի մեծ ուշադրություն դարձնեն»,- նշեց հարցման մասնակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։