«Նիկոլ Փաշինյանը դեռևս իշխանության գալուց առաջ էլ ներկայացրել է թուրք-ադրբեջանական օրակարգ, հիմա էլ շարունակում է դա ներկայացնել։ Ինքը կարող է ունենալ իր կարծիքը, ինչպես ցանկացած մարդ, սակայն հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված չեն։ 1915 թվականի Եղեռնը չի մոռացվել, այն պատշաճ գնահատական չի ստացել, և այսօր էլ կենդանի են մարդիկ, որոնց ծնողները, պապերը կա՛մ մազապուրծ են եղել դրանից, կա՛մ նրանց ծնողներն էլ զոհվել են»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց հոգեբան, «Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դժգոհությանն առ այն, որ երբ հայ մարզիկը հաղթում է թուրք մարզիկին, լրատվամիջոցներն առանձնահատուկ կերպով դա շեշտադրում են։
Հիշեցնենք՝ Փաշինյանը օրերս դժգոհել էր, որ լրատվամիջոցներն առանձնահատուկ կերպով շեշտադրում են թուրք մարզիկների նկատմամբ հայ մարզիկների հաղթանակները, իսկ այլ ազգերի ներկայացուցիչների նկատմամբ տարած հաղթանակները չեն կարևորում։
«Ի՞նչ կապ ունի՝ թուրքը, վրացին, ռուսը թե հայը, դա լրացուցիչ էմոցիա է, օրինակ՝ կարդում ես վերնագիր, գրված է՝ «հայ ըմբիշը հաղթեց թուրք ըմբիշին», բայց որ, օրինակ, հայը ճապոնացուն է հաղթել, դե ափսոս, որ հաղթել է: Դա ինքնիշխանությունից զրկող խոսույթ է, դա Հայաստանում արտաքին գործոնների կողմից վաղուց ներդրված հայրենասիրության չափանիշ է»,- նշել է Փաշինյանը։
Մադաթյանն անընդունելի է համարում, որ Փաշինյանը սինթետիկ ձևով նման բաները փորձում է դնել կշեռքի միևնույն նժարների վրա՝ անունն էլ դնելով «խաղաղություն»։ Նրա խոսքով՝ պարտված պետությունը չի կարող խաղաղության օրակարգ ունենալ, իսկ այսօր, երբ հայ մարզիկը հաղթում է թուրք կամ ադրբեջանցի մարզիկներին, և հասարակությունն ուրախանում է դրանով, դրա միակ մեղավորը և պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։
«Միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ով հրահրեց պատերազմ և այնպես արեց, որ Հայաստանը պարտվի Ադրբեջանին։ Դրանից հետո փոքրիկ հաղթանակներով մենք փորձում ենք ինչ-որ կերպ կոմպենսացնել այն ամենը, ինչն այսօր զգում ենք՝ ճնշվածությունն ու մյուս բացասական ապրումները»,- ասաց նա՝ միաժամանակ շեշտելով, որ Փաշինյանի հայտարարությունները հակահոգեբանական, հակահումանիստական և հակամարդկային են։
Միաժամանակ Մադաթյանը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ լեգիտիմ ինչ-որ մեկն է, ով ուզուրպացրել է իշխանությունը և իր ներքին խնդիրները բավարարելու համար առյուծ է սպանել։
«Նիկոլ Փաշինյանը ոչ ոք է․ խրթվիլակ է առգրավում, առյուծ է սպանում՝ անունը դնելով, թե պետությանը վնաս է տրվել։ Ես ուզում եմ հասկանամ՝ պետությանը տրված վնասը կենդանիների ու խրթվիլակների հետ ի՞նչ կապ ունի։ Ուստի, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի տեքստերը մեկնաբանելն ամենաանօգուտ գործն է, որով ես կարող եմ զբաղվել։ Դրա փոխարեն շատ ավելի օգտակար գործեր կան, օրինակ՝ զբոսնելը»,- ասաց նա։
Միհրդատ Մադաթյանը նկատում է՝ երբ վախկոտ մարդը գալիս է իշխանության, իրեն թվում է, որ ինքը ուժով կարող է ամեն ինչ կարգավորել, սակայն աշխարհում ուժով հնարավոր չէ ոչինչ կարգավորել, այդ թվում՝ ժողովուրդների միջև հարաբերությունները։
«Ուժով մարդուն չես կարող կնության տանել, ուժով ամուսնուդ կամ կնոջդ կողքդ պահել չես կարող, ուժով հնարավոր չէ բարեկամացնել երկու ազգերի։ Ո՛չ անթասիբ ոստիկանները, որոնք, ես հիմա իմ կարծիքն եմ արտահայտում, առանց մտածելու կատարում են իր հրահանգները, ո՛չ որոշ սպորտսմեններ, ովքեր առանձնահատուկ ինտելեկտով չպետք է փայլեն, ո՛չ մնացածը չեն կարող փոխել բնականոն ընթացքը։ Չի կարող Նիկոլ Փաշինյանը գետը թարս շուռ տալ, TRIPP-ը կառուցել։ Նիկոլ Փաշինյանը չի կարող այնպես անել, որ այս պայմաններում հայերն ու ադրբեջանցիները կամ հայերն ու թուրքերը բարեկամանան, որովհետև նրանց միջև եղած անջրպետն առաջին հերթին ավելացրել է ինքը»,- ասաց նա։
Հոգեբանը հիշեցնում է՝ 2020 թվականի աղետալի պատերազմից անցել է ընդամենը մի քանի տարի, և հասարակության մեջ դեռևս առկա են ծանր հուզական հետևանքներ։
«Մեր մեջ ապրում են երեխաներ, որոնք այսօր, երբ հարցնում են՝ ո՞ւր է պապան, պատասխանը լսում են, որ նա զոհվել է։ Կան այդ երեխաները։ Այդ ամենը չի կարող չազդել մարդկանց հույզերի վրա»,- նշեց նա։
Միհրդատ Մադաթյանը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ լեգիտիմ, իշխանությունն ուզուրպացրած բռնակալ է, ով հայ ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի։