Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան Ազգային միավորում կուսակցության խորհրդարանական առաջնորդ Մարին Լը Պենը ֆրանսիական առաջատար TF1 հեռուստաընկերության ուղիղ եթերում պաշտոնապես հայտարարեց, որ առաջադրվելու է և պատրաստվում է ակտիվորեն մասնակցել 2027 թվականին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրություններին:
Այս մասին հայտնում է BBC-ն՝ հավելելով, որ այս հայտարարությունը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ հուլիսի 7-ին Փարիզի վերաքննիչ դատարանը վերանայեց քաղաքական գործչի դատավճիռը և զգալիորեն նվազեցրեց նախորդ ատյանի կողմից սահմանված ընտրություններին մասնակցելու արգելքի ժամկետը: Եթե առաջին ատյանի դատարանը 2025 թվականի մարտին Լը Պենին հինգ տարով լիովին զրկել էր ընտրվելու իրավունքից, ապա վերաքննիչ ատյանի նոր որոշմամբ որակազրկման ժամկետը կրճատվեց մինչև 45 ամսվա, որից 30-ը՝ պայմանականորեն, ինչը նրան իրավական լիարժեք հնարավորություն է տալիս պայքարել Ելիսեյան պալատի համար:
Չնայած ընտրվելու իրավունքի վերականգնմանը, Վերաքննիչ դատարանը հաստատեց Լը Պենի մեղավորությունը Եվրոպական խորհրդարանի միջոցները չարաշահելու գործով՝ նրան դատապարտելով 100.000 եվրո տուգանքի, երեք տարվա ազատազրկման (որից երկուսը՝ պայմանականորեն) և պարտադրելով կրել տնային կալանքն ապահովող էլեկտրոնային ապարանջան: Լը Պենը հայտարարել է, որ մտադիր չէ նախընտրական քարոզարշավն անցկացնել էլեկտրոնային ապարանջանով, քանի որ իրավաբանների հետ միասին անմիջապես ներկայացնելու է վճռաբեկ բողոք: Քանի որ վճռաբեկի դիմումն ավտոմատ կերպով կասեցնում է վերաքննիչ դատարանի կայացրած պատժի փաստացի կիրառումը, ծայրահեղ աջերի առաջնորդը հանրությանը վստահեցրել է, որ ֆրանսիացի ընտրողների հետ հանդիպումներին կներկայանա առանց որևէ տեսակի կապանքների ու սահմանափակումների: