Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը.
Ինչպես եւ խոստացել էինք, այսօր Ազգային ժողովում քննարկեցինք բջջային հեռախոսների IMEI ռեեստրի հետ կապված նախատեսվող կարգավորումները, որոնց վերաբերյալ վերջին օրերին շատ է խոսվում սոցիալական ցանցերում։
Քննարկմանը մասնակցում էին ինչպես պետական մարմինների ներկայացուցիչներ, այնպես էլ մասնավոր ընկերությունների ղեկավարներ եւ անկախ փորձագետներ։
Կարծում եմ շատ արդյունավետ քննարկում էր։ Իհարկե, տարբեր հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ կարող են լինել, սակայն մի բան ակնհայտ է եւ դա, իմ կարծիքով, որեւէ մեկը չի վիճարկի. այս համակարգով քաղաքացիների անձնական տվյալներին եւ հեռախոսներին ոչ ոք հասանելիություն չի ունենալու, մարդկանց չեն գաղտնալսելու, չեն տեղորոշելու, չեն հետեւելու։ Դրա մասին խոսելն անգամ անիմաստ է, որովհետեւ դա պարզապես անօրինական է։
Նպատակը պարզ է՝ ստվերի կրճատում եւ անվտանգության մակարդակի բարձրացում, որի արդյունքում՝ հեռախոս գնողները եւ սպառողները կլինեն ավելի պաշտպանված, իսկ նրանց ստացած ծառայությունների որակը՝ շատ ավելի բարձր։
Պայմանավորվել ենք, որ սա վերջին քննարկումը չի։ Մինչեւ օրենքի նախագիծը քվեարկության դնելը շատ մանրամասն, առանց ավելորդ շտապողականության, կրկին քննարկելու ենք փորձագետների հետ, եթե շտկելու բաներ կան, կամ տարընթերցումները վերացնելու կարիք, անպայման արվելու են։
Նաեւ՝ շատ պարզ ու հասկանալի ձեւաչափով հանրությանը կներկայացվի՝ ինչ է իրենից ներկայացնելու այդ համակարգը եւ ինչ է փոխվելու։