copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 10:50 05-07-2026

Սահմանադրության ուժը պայմանավորված է նաև նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով. ՍԴ նախագահ

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր հուլիսի 5-ն է՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը: Այն մեր պետական տոնացույցում սոսկ հերթական հիշարժան ամսաթիվ չէ, այլ հնարավորություն է վերաիմաստավորելու մեր անցյալը, վերարժևորելու ներկան և վերահաստատելու մեր ժողովրդի, հասարակության և հատկապես գալիք սերունդների առջև ստանձնված ժողովրդավարական պետականության կերտման հանձնառությունը։

Սահմանադրությունը յուրաքանչյուր ժողովրդի՝ իր սեփական ապագայի նկատմամբ հավաքական իրավաքաղաքական պատկերացումների, նպատակների, իղձերի իրավական մարմնավորումն է: Այն մեր ժողովրդի և պետության միջև կնքված հասարակական պայմանագիր է, որը քարտեզագրում է հանրային իշխանության յուրաքանչյուր մարմնի կամ պաշտոնատար անձի իրավաչափ վարքագծի շրջանակները և դրանով իսկ երաշխավորում մեզանից յուրաքանչյուրի ազատությունն իրագործելու սահմանադրական շրջանակները:

Սահմանադրության ուժը պայմանավորված է նաև նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով։ Բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրությունը դառնում է վարքագծի, հանրային որոշումների և դատական պաշտպանության իրական չափանիշ, այն վերածվում է պետության կայունության, իրավական կանխատեսելիության և հանրային համերաշխության ամուր հենասյան։

Սահմանադրական մշակույթը ոչ միայն ձևավորվում է դատարանների որոշումներով կամ պետական մարմինների գործունեությամբ, այլև դառնում է ապրող իրողություն նաև քաղաքացիների իրավագիտակցությամբ, իրավաբանների մասնագիտական բարեխղճությամբ, կրթական հաստատությունների աշխատանքով և հանրային երկխոսության որակով։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները մեր պետականության ամենախոսուն և ամենավառ դրսևորումներն են: ՀՀ դրոշի, օրհներգի և զինանշանի միջոցով են մեր պետությունն ու պետականությունը դառնում առավել տեսանելի, լսելի և ընկալելի ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, այնպես էլ երկրի սահմաններից դուրս՝ միջազգային հանրության առջև։ Դրանց նկատմամբ հարգանքի և հոգատարության աստիճանն ուղիղ համեմատական է պետության ու պետականության նկատմամբ հասարակության վերաբերմունքին։ Որքան բարձր է այդ հարգանքը, այնքան ավելի ամուր է պետականության արժեքի գիտակցումը։

Հուլիսի 5-ը հրաշալի առիթ է գնահատելու մեր անցած ճանապարհը և փաստելու, որ սահմանադրական պետության կառուցման ճանապարհը բարդ է և անվերջանալի, քանզի չկա այն կետը, որին հասնելուց հետո այլևս անելիքներ չլինեն։ Այն մշտական և շարունակական գործընթաց է, որը պահանջում է հաստատուն նվիրվածություն արդարությանը, իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և հանրային վստահության ամրապնդմանը։

Վերստին շնորհավորելով այս տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, անվտանգություն, համերաշխություն և կայուն զարգացում։ Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան և ապագայի նկատմամբ մեր ընդհանուր պատասխանատվության խորհրդանիշ։

Շնորհավո՜ր Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը:

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը