Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 23:41 04-07-2026

Նիկոլ, դու Կոշ ՔԿՀ-ում չես, և սա 2010 թվականը չէ․ Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին․

«ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼԻՆ

Բարև, Նի՛կոլ,
2017 թվականից հետո ես ու դու շփվել ենք միայն հեռակա կարգով։ Դու եղել ես ինձ դատի տվող հայցվոր, ես՝ պատասխանող․ դու եղել ես իբրև իմ գործողություններից/անգործությունից տուժող, իսկ ես՝ մեղադրյալ։ Դու եղել ես՝ ինձնից գումար պահանջող, իսկ ես՝ մերժող:

Նիկոլ ես քեզ ու քո տեսակը չափազանց լավ եմ ճանաչում։ Հենց այդ տեսակիդ ճանաչելով է, որ ժամանակին մերժել եմ քեզ հետ որևէ համագործակցություն։
Դու արդեն ութ տարի է ոչ բարով զբաղեցնում ես Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը։ Այս ամբողջ տարիների ընթացքում ես երբեք քեզ պաշտոնապես չեմ դիմել։ Չեմ դիմել, որովհետև հաստատապես գիտեի քո իշխանության գալու, քեզ իշխանության բերելու բուն առաքելությունը։ Այդ առաքելությունը ոչ մի աղերս չուներ այն օրակարգի հետ, որն իմն էր: Ես նաև անիմաստ ու ավելորդ եմ համարել քեզ հետ որևէ երկխոսություն ծավալելը լավ ճանաչելով քո որակը։

Բայց օրեր առաջ դու հանդես եկար քեզ այնքան բնորոշ, սակայն պետական բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր մի հայտարարությամբ։ Մի պահ կրկին դու կորցրեցիր այն զգացումը, որ դու իշխանության ղեկավար կազմի` գործադիրի գլուխն ես, և քեզ զգացիր որպես լրագրող Նիկոլ:
Դու բարձրաձայնեցիր մի ճշմարտություն, որն ասես քո սեփական անձի դատավճիռը լիներ․ «Դիակի վրա կարող են մարդկանց բռնեցնել, գնան, հետո արդարանան, դուրս գան»։

Նի՛կոլ դու սա հայտարարեցիր որպես ՀՀ վարչապետ, մի պաշտոնյա, ով իր ձեռքում կուտակել է պետության ողջ ռեպրեսիվ մեքենայի լծակները, ով կարող է ցանկացած իրավապահ մարմնից պահանջել ու ստանալ ցանկացած տեղեկատվություն, պահանջել ու ստանալ իրեն ձեռնտու ցանկացած լուծում։ Եվ հենց դո՛ւ այսօր խոստովանում ես դատական համակարգում գործող «եռագլուխ մաֆիայի» գոյության մասին։

Դո՛ւ դատական համակարգը որակեցիր որպես երկրի ամենաչկայացած ինստիտուտը։ Դո՛ւ գնահատեցիր, որ արդարադատությունն այսօր դարձել է «էլիտար» և հասանելի է միայն նրանց համար, ովքեր ունեն մեծ ֆինանսական միջոցներ ու հաստ քսակներ։ Ու դո՛ւ դեռ խոսում ես մաֆիայի դեմ 8 տարվա քո պայքարի՞ մասին։ Արդարանում ես, թե «ժողովրդավար ենք, սկզբունքներ ենք պահում»։ Եթե ավտորիտար լինեինք, տոտալիտար լինեինք, այդ խնդիրը չէր լինի՝ հարցերը կլուծեիք։

Քեզ հավատալ չի կարելի, Նի՛կոլ։ Բայց ես քեզ հավատում եմ և հավատում եմ ընդամենը երկու դեպքում։

Մեկ՝ երբ տեսնում եմ քո իսկ հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի գաղափարների անշեղ ու գերազանց կատարումը քո իսկ կողմից, և երկրորդ՝ երբ ինքդ ես ընդունում, որ սպանություն կատարողները դիակների վրայով անցնելով կարող են արդարանալ ու ազատության մեջ զբոսնել, քանի որ «եռագլուխ մաֆիան» ու «էլիտար արդարադատությունը» ծախու են հաստ քսակներին։

Այո՛, դա ճիշտ է։ Հայաստանում այսօր առկա է համակարգային կոռուպցիա, և դա գալիս է հենց քո կառավարումից, քո ենթականերից, ովքեր մինչև գործերը դատարան հասցնելը արդեն իսկ վաճառում ու կեղծում են ամեն ինչ։

Ու այս հանցավոր համակարգի, քո ձախողած «արդարադատության» գինը մարդկային կյանքերն են, որոնք ամեն օր խլվում են մեր աչքի առաջ։

Ո՞ւր էր քո ղեկավարած պետությունը, երբ մի տղամարդ գազազած երիտասարդի ձեռքով ստացած ծանր մարմնական վնասվածքներից հոգին ավանդեց ավտոտնակում։ Այդ երիտասարդը անցել է դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից իրականացված արդարադատությամբ (Թիվ ԵԴ/0671/01/20 քրեական վարույթ): Անցել, քո ասած «էլիտար» կարգավիճակով և «դիակի վրայով, դուրս գալով»` գեթ մեկ օր չկրելով ազատազրկման ձևով պատիժ: Այս գործով դատախազը չի կարատել իր պարտականությունը, այն պայմաններում, որ դատարանը չի բավարարել դատախազի պահանջը ի պաշտպանություն մարդու հիմնարար իրավունքի` կյանքի իրավունքի: Այս դեպքում դատախազը ոչ միայն չի ներկայացրել դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք, այլ նաև չի նախաձեռնել հանրային քրեական հետապնդում ակնհայտ անարդարացի դատական ակտ կայացնող դատավորների նկատամամբ: Այսինքն, որտեղ ես դու և քո կողմից ղեկավարվող իրավապահ համակարգը:

Ո՞ւր էր քո իրավապահ համակարգը, երբ կեղծ դիպլոմով մեկն, իրեն բժիշկ հորջորջելով, մտավ վիրահատարան, դանակը վերցրեց ձեռքն և կատարեց մի քանի վիրահատություն, որից հետո մի անմեղ կին` չորս երեխայի մայր, մահացավ։ Կեղծ դիպլոմով անձինք քո ղեկավարության ներքո վիրահատում են, իսկ դու ութ տարի աթոռին նստած՝ դեռ մաֆիայից ու դատարանների չկայացվածությունից ես տրտնջում։

Այո ճիշտ ես` Հայաստանում առկա է համակարգային կոռուպցիա և դա գալիս է հենց քո կառավարությանից, մինչև գործը դատարան գնալը քո ենթակաները, ում դու նշանակել ես` ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահներ (նրանց ենթակայության տակ գտնվող քննիչներ) իրավունք ունեն մեղադրյալների նկատմամբ միջնորդություններ ներկայացնել դատարան` նրանց նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ, եթե այդ միջնորդությունները չեն ներկայացվում «դիակի վրա բռնեցված» մարդիկ, դուրս են մնում դատական վերահսկողությունից, իսկ երբ լինում են դեպքեր, որ «դիակի վրա բռնեցված» մեղադրյալների գործը գնում է դատարան, այնտեղ էլ հանդիպում են դատավոր Մասիս Մելքոնյանին և այլոց, ովքեր «դիակի վրա բռնվածին» պատժում են ընդհամենը հինգ տարի ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվում, իսկ դատախազն էլ իր հերթին հրաժարվում է «դիակի վրա բռնեցված» մեղադրյալի վերաբերյալ ակնհայտ անարդարացի դատական ակտի դեմ իր կողմից անհրաժեշտ և պարտադիր գործողությունների կատարումից:

Իսկ, երբ` ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես ընդունված որոշմամբ հաստատում է, որ անձին կեղծ փաստաթղթի` դիպլոմի հիման վրա տված վիրաբույժ-բժիշկի հավաստագիրը չեղարկել է, այսինքն առկա է «դիակի վրա բռնեցված» դեպք, երբ կեղծ դիպլոմով վիրահատությունից հետո, կինը մահացել է (Թիվ 13147725 քրեական վարույթ), այդ պայմաններում պատասխանատվության չկանչված այդ անձը այլ եղանակով կրկին շարունակում է իր գործունեությունը:

Դու ճիշտ ես Նիկոլ, այս երկու մահվան դեպքերը կապ ունեն քո կողմից հայատարարածի` «դիակի վրա կարող են մարդկանց բռնեցնել, գնան, հետո արդարանան, դուրս գան»: Այո արդարադատությունը «Էլիտար» է, իսկ պետությունը կառավարում է «եռագլուխ մաֆիան»:

Այո դու ճիշտ ես և այդ «եռագլուխ մաֆիան» քո կողմից ղեկավարվող կառավարությունում է և այն գտնվում է քո անմիջական պատասխանատվության ներքո:

Այո Նիկոլ դու ճիշտ ես` քո ղեկավարած Հայաստանում գործում է մաֆիա, այո տեղի են ունենում «անմերժելի առաջարկներ» և դա կատարվում է «զուտ բիզնես» սկզբունքի նեքո: Այո մենք ապրում ենք մաֆիայի անխիղճ և հաշվենկատ կառավարման ներքո։

Նիկոլ դու «Կոշ» քրեակատարողական հիմնարկում չես, և սա 2010 թվականը չէ: Նիկոլ դու Հայաստանի Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարության շենքում ես և այժմ 2026 թվականն է:

Եվ հենց դո՛ւ այսօր խոստովանում ես դատական համակարգում գործող «եռագլուխ մաֆիայի» գոյության մասին։

Նի՛կոլ, եթե խոսում ես մաֆիայի մասին, ուրեմն պիտի լավ իմանաս դրա կանոնները և մաֆիայի գլխավոր սկզբունքը՝ «Անձնական ոչինչ չկա, սա զուտ բիզնես է»։

Քո թույլ տված համակարգում էլ է այդպես. մարդկային ճակատագրերն ու կյանքերը ձեզ համար անձնական ոչինչ չեն:

Մաֆիայի հիմնական կանոնը լռությունն է՝ օմերտան, և բացարձակ հավատարմությունը կլանին։ Երբ դատավորն ու քննիչը կոծկում են հանցագործությունը, նրանք գործում են հենց այդ կանոնով։ Դո՛ւ ես այս ամենի պատասխանատուն, որովհետև սա քո ութ ամյա ընտանիքն է, իսկ «Ընտանիքի հարցերը պիտի մնան ընտանիքի ներսում»:

Այո Նիկոլ դու ճիշտ ես, իսկ ես չեմ սխալվել և չեմ սխալվում: Ես ճիշտ եմ արել, որ քո կողմից արված առաջարկները մերժել եմ տարիներ առաջ, այժմ էլ ես քեզ և քո ղեկավարած պետությունում առկա մաֆիան եմ մերժում:

Զարուհի Փոստանջյան
04 հուլիս, 2026 թվական»։

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա