Նիկոլ Փաշինյանի՝ «сядут все» («բոլորը նստելու են») արտահայտությունը, որը նա հնչեցրել էր հուլիսի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, շարունակում է ակտիվ քննարկվել հանրային դաշտում։ Վարչապետը, անդրադառնալով նախկին ու ներկա պաշտոնյաների պատասխանատվության թեմային, հայտարարել էր. «Ասում ենք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ասում են՝ ըհը, էս մեկի անունը չտվեց, сядут все»։
Այս հայտարարության ֆոնին
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչպե՞ս են մեկնաբանում վարչապետի հայտարարությունը և ի՞նչ են կարծում՝ ինչո՞ւ է նա խոսում բոլորին պատասխանատվության ենթարկելու մասին։
Քաղաքացիներից մեկը նշեց, որ վարչապետի հայտարարություններին այլևս լուրջ չի վերաբերվում։
«Չեմ կարող ասել։ Ոչ մեկը չի նստած, խոսում է՝ էլի նստացնելու մասին, բայց ոչ մի բան չի անում»,- ասաց նա։
Մեկ այլ հարցված տարակուսեց նման հայտարարությունների առնչությամբ։
«Ի՞նչ արած պիտի լինեն էդ մարդիկ, որ բոլորին նստացնեն։ Եթե բոլորն են նստելու, ուրեմն հերթը մեզ էլ կհասնի»,- նշեց քաղաքացին։
Եղան քաղաքացիներ, որոնք վարչապետի հայտարարությունը գնահատեցին որպես քաղաքական ճնշման փորձ։
«Տոտալիտար երկիր է սարքում, դրա համար էլ ուզում է բոլորին նստացնել»,- ասաց հարցվածներից մեկը։
Միևնույն ժամանակ որոշ քաղաքացիներ ընդգծեցին, որ առանց իրավական հիմքերի որևէ մեկին պատասխանատվության ենթարկել հնարավոր չէ։
«Առանց պատճառի ո՞նց կարող է նստացնել։ Եթե ապացույցներ չլինեն, օրենքը չպարտադրի, մարդուն ո՞նց կարելի է նստեցնել»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Հնչեցին նաև կոշտ քննադատություններ անձամբ վարչապետի հասցեին։
«Առաջին հերթին պետք է իրեն նստեցնեն։ Ինքը ո՛չ համապատասխան կրթություն ուներ, ո՛չ աշխատանքային փորձ»,- նշեց հարցման մասնակիցներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի դժգոհեց սոցիալական խնդիրներից՝ դրանք կապելով կառավարության քաղաքականության հետ։
«10000 դրամ թոշակս ավելացրել է, բայց 20000 դրամ նպաստս կտրել է։ Միայնակ թոշակառու եմ, դեղերս էլ եմ իմ հաշվին գնում։ Ավելի լավ էր գները չթանկանային, քան էդ 10000 դրամը ավելացներ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։